Արցախի Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելով` հարձակվել են Արցախի ու Հայաստանի իշխանությունների վրա: Այս մասին այսօր` հունիսի 8-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերագույն խորհրդի (1990-95 թթ) նախկին պատգամավոր Ազատ Արշակյանը:
«Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է, հատուկ հոգատարություն է պետք: Արցախում ապրելն իսկ պատասխանատվություն է, նրանք պիտի հոգատար լինեն: Ոչ ոք իրավունք չունի ինքնադատաստան կազմակերպելու, առավել եւս չարժի հարձակվել Արցախի ու Հայաստանի իշխանությունների վրա: Պետք է շուտ հայտնաբերել ու պատժել»,- ասաց Ազատ Արշակյանը:
Անդրադառնալով ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հայտարարությանը, որը հայաստանյան քաղաքական ուժերին կոչ էր արել նստել իրենց տեղերում եւ քիթները չխոթել Արցախում ընթացող պրոցեսներին, Ազատ Արշակյանն ասաց. «Տերմինաբանությունը քթով, մռթով, դնչով, դա ի՞նչ ձեւ է: Գուցե շրջաբերական է եղել, թութակային բան կա, ես չգիտեմ՝ ով է սկիզբը դրել: Ո՞վ է ինձ խանգարում խառնվել Արցախի գործերին, նրանց ի՞նչ գործն է: Եթե դա պրովոկացիա է, ուրեմն Հանրապետական կուսակցությունը նույնպես վարկաբեկվում է»:
Նրա խոսքով՝ ոչ ոք իրավունք չունի հարձակվել իշխանության վրա, քանի որ պատգամավորը իշխանություն է. «Սա պատվի խնդիր է, որ Արցախի եւ Հայաստանի իշխանությունները շտապ հայտնաբերեն եւ պատժեն հանցագործներին, ովքեր ինքնադատաստան են տեսել ԱԺ պատգամավորի հետ»:
Ըստ Արշակյանի` Հայաստանի քաղաքական գործիչները պետք է արձագանքեն կատարվածին, քանի որ պրովոկացիա է տեղի ունեցել:
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը, սակայն, կարծում է, որ կատարվածին գնահատականներ ժամանակից շուտ պետք չէ տալ.«Տգեղ երեւույթ է տեղի ունեցել, դատապարտելի է, բայց ժամանակից շուտ պետք չէ քաղաքական գնահատական տալ, քանի որ պետք է հիմնավորում ունենան»:
Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին առեւանգել եւ ծեծի են ենթարկել հունիսի 6-ին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:





























