Ահաբեկչական «Իսլամական պետություն» կազմակերպության անդամները հայտնել են, որ ավերելու են Եգիպտոսի բուրգերը, հայտնում է    Life-ը: 

Նրանք համացանցում տեսանյութ են տեղադրել, որում պատկերված է Նաբուի տաճարի ավերումը: Այդ տաճարը գտնվում է Իրաքում, ասորեստանյան Նիմրոդ քաղաքի արեւելյան մասում:  Հրապարակված կադրերից դատելով` ճարտարապետական հուշարձանը ոչնչացվել է մի քանի պայթյունով: 

Տեսանյութի վերջին վայրկյաններին ահաբեկիչները սպառնում են երկրի երեսից ջնջել եգիպտական բուրգերը, որովհետեւ դրանք ստեղծվել են  «անհավատների» կողմից:

Ավելի վաղ «Իսլամական պետությունը» մի քանի պատմական եւ ճարտարապետական հուշարձան էր ոչնչացրել Պալմիրայում: Գրոհայինները նաեւ բեռնատարով ավերել են Նիմրոդ քաղաքի դարպասները: Նրանք պայթեցրել են Բաալ-Շամինի տաճարը: ԻՊ-ի ահաբեկիչների վերահսկողության տակ գտնվող շրջանների արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ այն վայրերում, որտեղ նախկինում գտնվում էին հնագույն շինություններ, այժմ միայն նրանց ավերակներն են մնացել: