«Մարդիկ հանուն կենդանիների նկատմամբ էթիկական վերաբերմունքի» (PETA) կազմակերպությունը Ավստրալիայում օվկիանարիումին քննադատել է ճաշացանկում ծովամթերքի համար, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով Daily Mail-ին:
Underwater World-ին նամակ է ուղարկվել Օվկիանոսների համաշխարհային օրվա նախօրեին, որը նշվում է հունիսի 8-ին:
PETA-ից նշել են, որ Քվինսլենդում օվկիանարիումը այցելուներին հնարավորություն է տալիս հիանալու ծովային ֆաունայի «սքանչելի եւ ցնցող» ներկայացուցիչներով եւ բավականին տարօրինակ է, որ դրանից հետո այցելուներին առաջարկում են այդ բնակիչների մեջ պատառաքաղ «խրել»:
«Ակվարիումում ձուկ մատուցելը նույնն է, ինչ գազանանոցում կապիկի մսից խորտիկներ առաջարկելը», – ասված է նամակում: PETA-ն Underwater World-ին առաջարկել է ճաշացանկում բուսակերական ուտեստներ ներառել:
Օվկիանարիումից, իրենց հերթին, հայտնել են, որ իրենց սրճարանն ընդամենը «էկոլոգիական ռացիոնալ եղանակով» ձեռք բերված ոստրե եւ սաղմոն է առաջարկում: Այնտեղ նաեւ հիշեցրել են, որ ծովային բնակիչների սննդի հիմնական աղբյուրը «ուրիշ ձուկն է»:




























