Էջմիածին քաղաքում հունիսի 1-ին տեղի ունեցած  վիճաբանության ժամանակ իր մոտ պահվող Մակարով տեսակի ատրճանակից կրակոցներ արձակած 21-ամյա երիտասարդն այսօր՝ հունիսի 8-ին, հայտնաբերվել է: 21-ամյա Բենիկ Գ.-ն ձերբակալվել է, նա կասկածվում է սպանության փորձ կատարելու մեջ:

Ավելի վաղ Shamshyan.com-ը տեղեկացրել էր, որ վիճաբանություն կատարելու կասկածանքով Վաղարշապատի ոստիկանություն են բերման ենթարկվել էջմիածին քաղաքի բնակիչներ 25-ամյա Էդուարդ Զ.-ն, եղբայրներ` 30-ամյա Դերենիկ Գ.-ն, 27-ամյա Արտակ Գ.-ն եւ 29-ամյա Հովհաննես Թ.-ն:

Ոստիկանները այնուհետեւ օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ նշված անձինք Թամանյան փողոցում վիճաբանության եւ ծեծկռտուքի մեջ են մտել անհայտ անձանց հետ, որի ժամանակ էլ վիճաբանության մասնակիցներից մեկը իր մոտ եղած եւ ապօրինի պահվող «Մակարով» տեսակի ատրճանակից կրակել է վիճաբանության մասնակիցներից դեպքի վայր ժամանած, 25-ամյա Ռոբերտ Հ.-ին պատկանող «Պրիորա» մակնիշի 50 DV 045 համարանիշի ավտոմեքենայի վրա:

Վաղարշապատի ոստիկանները հայտնաբերել են «Պրիորա» մակնիշի ավտոմեքենան, որի հետնամասում հայտնաբերվել է հրազենային կրակոցից առաջացած կլորավուն անցք: Նույն օրը ոստիկանները դեպքի վայրում հայտնաբերում են 9 մմ տրամաչափի Մակարով տիպի ատրճանակի կրակված փամփուշտի պարկուճ:

Նշանակվել են դատաբժշկական եւ դատաապրանքագիտական փորձաքննություններ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ. քր. օր.-ի 34-104 հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի (սպանության փորձ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով), 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք- զինամթերք կրելը, պահելը, օգտագործելը) եւ 258 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի (խուլիգանություն, որը կատարվել է մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից) հատկանիշներով: