Անհասկանալի է, թե ինչու է 2015-ին Հայաստանի կառավարությունը ավելացրել ՀԿ-ների ֆինանսավորումը եւ արդյոք այդ դեպքում նման ՀԿ-ները կարելի է անկախ համարել: Այս մասին հունիսի 8-ին ԱԺ-ում ասել է ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը՝ ելույթ ունենալով 2015-ի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկումների ժամանակ:
Ի սկզբանե ՀԿ-ների աջակցության համար ծրագրվում էր հատկացնել 2.4 մլրդ դրամ: Բայց տարվա ըթնացքում այդ գումարը ավելացվել է մինչեւ 9.1 մլրդ դրամ ( մոտ 19 մլն դոլար): «Առաջին հերթին որտեղի՞ց են այդ գումարները: Երկրորդ՝ եթե Կառավարությունն է ֆինանսավորում ոչ կառավարական կազմակերպությունները, դրանք միանգամից դառնում են կառավարական»,- նկատեց Զուրաբյանը:
Ի պատասխան ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հայտնեց, որ հենց նույն Զուրաբյանի խնդրանքով ֆինանսների փոխնախարար, գլխավոր գանձապահ Ատոմ Ջանջուգազյանը նախապատրաստել էր թեմատիկ տեղեկանք, որը ընդդիմադիրը նիստից առաջ որոշել էր չվերցնել:



























