Ժնեւում հունիսի 6-8-ին, Աշխատանքի միջազգային համաժողովի ժամանակ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն իր ելույթում ներկայացրել է Հայաստանում զբաղվածության ոլորտում իրականացվող բարեփոխումները, սոցիալական ծառայությունների որակի եւ հասանելիության բարելավման ուղղությամբ տարվող աշխատանքները:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա իր խոսքում, մասնավորապես, ասվել է.

«Հայաստանի Հանրապետության կառավարությունը հավատարիմ է միջազգային չափանիշներին համահունչ բարեփոխումներ իրականացնելուն՝ սոցիալական պաշտպանություն եւ հավասարություն, կայուն զբաղվածություն եւ բոլորի համար արժանապատիվ աշխատանք ապահովելու նպատակով:

Վերջին տարիներին բազմակողմանի բարեփոխումներ են իրականացվել աշխատանքի, զբաղվածության եւ սոցիալական պաշտպանության ոլորտներում:

Հայաստանի 2014-2025թթ. զարգացման ռազմավարությունը երկրի հեռանկարային զարգացման համար  որպես առաջնահերթություն սահմանում է զբաղվածության աճը, աղքատության վերացումը, սոցիալական պաշտպանության համակարգի կատարելագործումը:

ԱՄԿ-ի հետ սերտ համագործակցության արդյունքում 2015 թ. Աշխատանքային օրենսգրքում էական փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք միտում ունեն աշխատանքի ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել ԱՄԿ կոնվենցիաներին եւ այլ միջազգային չափանիշներին:

Կցանկանայի նաեւ ընդգծել ԱՄԿ-ի եւ եռակողմ գործընկերների դերը ՄԱԿ-ի Կայուն Զարգացման 2030թ. օրակարգի արդյունավետ իրականացման հարցում՝ մասնավորապես ուղղված ներառական տնտեսական աճի խթանմանը, կայուն զբաղվածության եւ արժանապատիվ աշխատանքի ապահովմանը»:

Աշխատանքային այցի շրջանակներում նախարար Արտեմ Ասատրյանը հանդիպել է ԱՄԿ Գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերին, ԱՄԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Հայնց Կոլերին եւ  ԱՄԿ Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն տիկին Դ. Դիմիտրովային: Հանդիպումների ընթացքում քննարկվել է  եռակողմ գործընկերների հետ համատեղ մշակվող «Արժանապատիվ աշխատանք» ծրագիրը, որն առաջիկայում կներկայացվի ԱՄԿ-ի դիտարկմանը: Նախարարը նշել է, որ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի   նախարարությունը եւ սոցիալական գործընկերները սերտորեն համագործակցում են G20-ի ծրագրի եւ ԱՄԿ Երիտասարդների զբաղվածության ոլորտում գործընկերության ծրագրի շրջանակներում: Նաեւ բարձր է գնահատել Մոսկվայի տարածաշրջանային գրասենյակի հետ սերտ համագործակցությունը:

ԱՄԿ գլխավոր տնօրեն պարոն Գայ Ռայդերն իր հերթին  ԱՄԿ անունից  ողջունել է  ՀՀ կառավարության ջանքերը, ոլորտում իրականացվող բարեփոխումները եւ արձանագրված առաջընթացը: ԱՄԿ գլխավոր տնօրենը կարեւորել է  մեր երկրում սոցիալական գործընկերության բարձր մակարդակը եւ սերտ համագործակցության եւ աջակցության պատրաստակամություն հայտնել:

Հանդիպումների ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել ԱՄԿ-ի աջակցությամբ  Հայաստանում սկսել «Արժանապատիվ աշխատանք» նոր ծրագիր, որը  քառամյա ծրագիր է եւ կաջակցի  աշխատանքի, զբաղվածության, աշխատավարձի եւ սոցիալական գործընկերության բարեփոխումներին:

Ծրագիրը ստորագրելու եւ տեղում ոլորտում իրականացվող բարեփոխումներին ծանոթանալու նպատակով նախարարը Արտեմ Ասատրյանը   ԱՄԿ Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն պարոն Հայնց Կոլերին հրավիրել է Հայաստան:

Հայաստանը համաժողովին ներկայացել է եռակողմ՝ ՀՀ կառավարության, Հայաստանի գործատուների հանրապետական միության եւ ՀՀ արհմիությունների կոնֆեդերացիայի մասնակցությամբ: