Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում քննվող քրեական գործի դատաքննության ընթացքում վկաներ` Աշոտ Գ.-ն, Ռիտա Գ.-ն եւ Կարեն Օ.-ն հայտնել են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ ՀՀ ոստիկանության Վարդենիսի բաժնի աշխատակիցների եւ ՀՀ քննչական կոմիտեի Վարդենիսի բաժնի քննիչների կողմից իրենց նկատմամբ բռնություններ գործադրելու, բացատրություններ եւ ցուցմունքներ կորզելու, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաեւ նրանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու վերաբերյալ տվյալներ:
ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքացիների նույնաբովանդակ հաղորդումների հիման վրա պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու եւ պաշտոնեական կեղծիք կատարելու դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի եւ 314-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում պատշաճ ընթացակարգով ստուգվել են վերջիններիս հաղորդման մեջ մատնանշված դրվագների բոլոր հանգամանքները:
Մասնավորապես՝ նախաքննության ընթացքում Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի եւ Կարեն Օ.-ի հայտնած տեղեկություններն ամբողջությամբ հերքվել են ինչպես ոստիկանության աշխատակիցների եւ քննիչների ցուցմունքներով ներկայացված փաստարկներով, այնպես էլ նույն անձանց՝ Ռիտա Գ.-ի, Աշոտ Գ.-ի եւ Կարեն Օ.-ի՝ հետագայում տված խոստովանական ցուցմունքով, որ իրենք սուտ տեղեկություններ են հայտնել պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից հանցագործություն կատարելու վերաբերյալ:
Այս կերպ՝ քրեական գործով վկաները պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց անհիմն մեղադրել են ծանր հանցագործության կատարման մեջ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցներով չեն հիմնավորվել ինչպես ՀՀ ոստիկանության, այնպես էլ՝ ՀՀ քննչական կոմիտեի ծառայողների կողմից հանցագործություն կատարելու հանգամանքները, ուստի որոշում է կայացվել վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդում չիրականացնել:
Միաժամանակ ակնհայտ սուտ մատնություն կատարելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 333-րդ հոդվածի 1-ին մասի եւ 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Կատարվում է նախաքննություն:




























