Զոհված զինծառայողների ընտանիքների բնակարանների համար հատկացվող գումարները չեն բավականացնում բոլոր կարիքավորներին: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանում ասել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Կորյուն Նահապետյանը, 2015-ի բյուջեի կատարողականի մասին հաշվետվության քննարկման ժամանակ:
Նրա խոսքով, այս ծրագրին տարեկան 500 մլն դրամ է հատկացվում (մոտ 1.05 մլն դոլար): Դրա համար տարեկան հաջողվում է լուծել միայն մոտ 60 նման ընտանիքների բնակարանային պայմանների հարցը: Բայց կարիքավորների թիվը տարեցտարի շատանում է: Անհրաժեշտ է նաեւ մտածել սպաների ընտանիքների բնակարանային հարցը լուծելու մասին: Զինված ուժերի ռազմավարության ընդունումը կաջակցի այս հարցերի լուծմանը»,- հավելել է նա:





























