Մենաշնորհ բառը վատ բառ չէ, վատը նրանում է, որ մենաշնորհները ստեղծվում են ուրիշի դիրքերը խանգարելու իմաստով: Այս մասին, այսօր՝ հունիսի 8-ին, ՀՀ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
«Այդ մասին ամբողջ մամուլն է գրում, սակայն աշխարհում առկա կլասիկ մենաշնորհը մեզ մոտ չկա: Կա մարդ, որը մի արտադրանք է բերում, էն մյուսը չի կարողանում բերել, դրա համար վարչապետը հոխորտաց եւ ասաց, որ այդ ամեն ինչը պահելու եմ հսկողության տակ»,-ասաց ԱԺ ղեկավարը:
Հարցին, թե հնարավո՞ր է, որ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանին շաքարավազ ներկրելու մենաշնորհային իրավունք տան, հաշվի առնելով, որ էկոնոմիկայի նախարարը հայտարարել էր, որ որոշ ապրանքատեսակների գծով մենաշնորհներ տալու հարցը կարելի է քննարկել, Գալուստ Սահակյանն արձագանքեց. «Բայց ինչի՞ պիտի տան: Նախ շաքարավազ ուրիշ ներկրող էլ կա եւ երկրորդ՝ եթե նման խնդիր կա, ապա Կառավարությունն իր որոշումն արել է եւ եթե մարդիկ կան, որ ուզում է շաքարավազ բերել, կարող են դիմել եւ բերել: Ովքեր ուզում են թող բերեն»:
Նա համաձայն չէր դիտարկմանը, թե հասարակությունը չի վստահում իշխանության՝ փոփոխություններ անելու պատրաստակամությանը եւ հորդորեց չխոսել հանրության անունից. «Բայց որպեսզի դա այդպես չլինի, վարչապետն իր հայտարարությունն արեց»:
Անդրադառնալով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից Արտյոմ Մովսեսյանի հեռանալու փաստին, ԱԺ նախագահն ասաց, որ նա բազմաթիվ տարիներ աշխատել է, եւ պարտադիր չէ, որ անվերջ ղեկավարի:
Ինչ վերաբերում է Արմեն Գեւորգյանին ԱԱԽ քարտուղար նշանակելուն, Գալուստ Սահակյանը նշեց, որ Գեւորգյանի ընդունակություններն իշխանությունները բարձր են գնահատում:



























