Ջանք չեմ խնայելու պլանավորված նպատակներին հասնելու համար: Այս մասին, հունիսի 8-ին, ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի հետ հանդիպման ժամանակ նշել է ՔԱԳՎ նորանշանակ պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրան ՔԱԳՎ աշխատակազմին ներկայացրել է Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը, որը շնորհակալություն է հայտնել վարչության նախկին պետ Արտյոմ Մովսեսյանին 12 տարի պաշտոնավարելու համար, իսկ նոր պետի առջեւ նախանշեց անելիքները:
Արտյոմ Մովսեսյանն իր խոսքում նշել է. «Յուրաքանչյուր պետական պաշտոնյա պետք է ինչ-որ ժամանակը մեկ կանգ առնի եւ փորձի վերագնահատել այն արժեհամակարգը, որտեղ ինքը գործում է ու ապրում: Թե ինչ ժամանակահատվածը մեկ կանգ կառնի, դա կախված է այդ պաշտոնյայի իմաստությունից: Կարծում եմ, սա այն հիմնաքարն է, որից սկսվում է ապագայի կառույցը, եւ որտեղ անձը հնարավորություն է ունենում իր ապագա որոշումներում լինելու առավել ճշմարիտ եւ համահունչ տվյալ հասարակությանն ու ժամանակաշրջանին»:
Իր հերթին Սերգեյ Ավետիսյանը շնորհակալություն է հայտնել ՀՀ նախագահին եւ վարչապետին բարձր վստահության համար: «Համոզված կարող եմ ասել, որ ջանք չի խնայվելու պլանավորված նպատակներին հասնելու համար: Ցանկանում եմ նաեւ ընգծել պարոն Մովսեսյանի դերը եւ իր ներդրումը քաղաքացիական ավիացիայի ոլորտում: Իր պաշտոնավարման տարիների ընթացքում հսկայական փոփոխություններ են տեղի ունեցել ոլորտում»,-ընդգծել է նա:





























