Ապրիլյան ռազմական գործողությունների ժամանակ Ղարաբաղում վիրավորված զինծառայողներին այցելած հայկական ԲՈՒՀ-երի եւ քոլեջների ուսանողները նրանց կրծքանշաններ էին բերել, որոնց վրա գրված էր «ՀՀ Զինված ուժերի հերոսին»:

19-ամյա Վաժիկ Համբարյանը վերջերս Հայաստանում ֆրանսիական քոլեջի ուսանողներից նման կրծքանշան է ստացել, որի վրա գրված էր.  «ՀՀ Զինված ուժերի հերոս Վաժիկ Համբարյանին»: NEWS.am –ի թղթակցի հետ զրույցում նա նշեց, որ հաճելի է, երբ քեզ հերոս են համարում, թեպետ, իհարկե, տղաները ռազմական գործողությունների ժամանակ արել են, ինչ պարտավոր էին եւ ոչ էլ նրա համար, որ իրենց հետո գովեն:

Վաժիկը վիրավորվել էր Մատաղիսում: Պայթած արկի բեկորները խրվել էին մեջքի եւ ոտքերի մեջ: Նրան վտանգավոր գոտուց վիրավոր վիճակում դուրս են հանել ընկերները: Այդ օրը Վաժիկի հիշողուիթյան մեջ գրեթե չի պահպանվել, բայց նա հիշում է, որ երբ ընկերներն իրեն տանում էին, իրենց վրա շարունակում էին կրակել, եւ իրենք մեծ ռիսկի էին դիմում: Սակայն ամեն բան լավ ավարտվեց, նրանց գնդակ չկպավ:

Ընկերները Վաժիկին տարել էին մոտակա բուժկետ, որտեղ նրան առաջին օգնություն էին ցուցաբերել: Հետո Մատաղիսից տեղափոխել էին Մարտակերտի հոսպիտալ, որտեղից էլ՝ Ստեփանակերտ, Սիրիան, Գորիս եւ հետո՝ Երեւանի Սուր Գրիգոր Լուսավորիչ ԲԿ: Այնտեղից էլ տարել էին Կենտրոնական զինվորական հոսպիտալ, որտեղ նա շարունակում է բուժումը:

Ավելի քան 20 օր Վաժիկը չէր կարողանում քայլել. 2 բեկոր խրվել էր ոտքը: Բայց հիմա նա կարողանում է թեպետ ոչ երկար, բայց ոտքի վրա մնալ:

Վաժիկը նաեւ պատմեց, որ վիրավորներին ուզում էին այցելել ոչ միայն նրանց հարազատներն ու ընկերները, այլ նաեւ լրիվ անծանոթ մարդիկ, որոնք անտարբեր չէին մնացել նրանց ճակատագրի հանդեպ եւ ուզում էին որեւէ կերպ օգտակար լինել եւ աջակցել: