Ներկայումս «Վերին Լարս» անցակետը գործում է, անցակետի փակման գրավոր կամ բանավոր հրաման չկա: Այդ մասին հոկտեմբերի 4-ին հայտարարել է Վրաստանի ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեն՝ Հայաստանի իր պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում:
Նրա խոսքով, հնարավոր է՝ եղել են ժամանակավոր փակման տեխնիկական պատճառներ:
Իր հերթին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նկատել է, որ «Վերին Լարս» անցակետը, որը Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ ավոտոմոբիլային բեռնափոխադրումների հիմնական կետն է, աշխատում է եւ աշխատելու է առաջիկայում: Նա նշել է, որ խնդիրները կրել են տեխնիկական բնույթ:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, սեպտեմբերի կեսին մի խումբ բեռնատարներ, որոնք Ռուսաստանից ժամանում էին Հայաստան, խնդիրներ են ունեցել «Վերին Լարս» անցակետում:




























