Չեմ ցանկացել, չեմ գնացել քննարկումներին: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանում ասել է պատգամավոր Հրանտ Բագրատյանը՝ ելույթ ունենալով 2015-ի պետբյուջեի կատարողականի հաշվետվության քննարկումների ժամանակ:
Նա դիմել է հերթական զեկուցող, ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության ու ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանին: «ՊՆ-ի հաշվեկշռի վրա չպետք է ռազմարդյունաբերական համալիրի գործարաններ լինեն: Դուք պաշտպանում եք կարգը, որտեղ միեւնույն սուբյեկտը եւ՛ պատվիրատու է, եւ՛ կապալառու՞: Ես նման փորձ ունեցել եմ 1992-ին, եւ ես կարող եմ ասել, որ դա բացասական փորձ է»,-ասել է Բագրատյանը:
Դրան ի պատասխան՝ Նահապետյանն ասաց, որ հարցը վերաբերում է ոչ թե բյուջեի կատարողականին, այլ «Ռազմական արդյունաբերության համալիրի» մասին օրենքին: «Այդ եւ այլ հարցերը քննարկվել են, սակայն Դուք ներկա չէիք օրինագծի քննարկմանը եւ միայն վերջում եք եկել եւ ինչ-որ բան եք առաջարկում»,- ասել է Նահապետյանը:
«Չեմ ուզել, չեմ եկել եւ ճիշտ եմ արել: Դա իմ գործն է, միգուցե ժամանակ չեմ ունեցել: Դուք ին հարցին պատասխանեք»,- հակադարձել է Բագրատյանը:





























