Առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծապես պայմանավորված են համակարգային բնույթի թերություններով: Այս մասին ասվում է «Կոռուպցիոն ռիսկերի գնահատում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնության ոլորտում» հետազոտությունում, որն իրականացվել է «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»  եւ «Տարածքային զարգացման եւ հետազոտությունների կենտրոն» հասարակական կազմակերպությունների կողմից:

Հետազոտության նպատակն է վերհանել եւ գնահատել պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բուժօգնության ոլորտում առկա կոռուպցիոն ռիսկերը եւ դրանք ձեւավորող համակարգային խնդիրները:

Չնայած առողջապահության ոլորտում 1993թ. սկսված եւ շարունակվող բարեփոխումներին` դեռեւս առկա են բազմաթիվ չլուծված խնդիրներ, այդ թվում՝ առողջապահական ծառայություններում կոռուպցիոն տարբեր ռիսկեր, որոնց մասին են վկայում ինչպես տարբեր կազմակերպությունների կողմից իրականացված ուսումնասիրությունները, այնպես էլ՝ մի շարք պետական ռազմավարական փաստաթղթերը:

Սույն հետազոտությունը բաղկացած է հինգ գլուխներից, որոնք վերաբերում են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բուժօգնության բնագավառում առկա համակարգային խնդիրներին եւ ներկայացնում են դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները: Ակնկալվում է, որ դրանք տեղ կգտնեն ՀՀ կառավարության կողմից հաստատված 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող ՀՀ առողջապահության նախարարության հակակոռուպցիոն ծրագրում:

Հետազոտության 1-ին գլուխը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության տեսակների՝ սոցիալական եւ բժշկական հիմքերի, ինչպես նաեւ բուժօգնության համար անհրաժեշտ միջոցների ծավալի վերաբերյալ իրավական կարգավորումներին եւ առկա խնդիրներին:

2-րդ գլխում արտացոլված են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման ֆինանսավորմանը, բժշկական օգնության եւ սպասարկման դիմաց պետության կողմից փոխհատուցման գներին, համավճարին, բժշկական կազմակերպությունների եւ ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի պետական առողջապահական գործակալության միջեւ պայմանագրային հարաբերություններին վերաբերող իրավական կարգավորումները եւ առկա խնդիրները:

3-րդ գլխում ներկայացվում է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության տրամադրման գործընթացը՝ հիվանդների ուղեգրմանը եւ հերթագրմանը վերաբերող իրավական կարգավորումները եւ առկա խնդիրները:

4-րդ գլուխը վերաբերում է պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման վերաբերյալ քաղաքացիների իրազեկման եւ բողոքարկման մեխանիզմներին առնչվող իրավական կարգավորումներին եւ առկա խնդիրներին:

5-րդ գլխում ամփոփված են պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով հիվանդանոցային բժշկական օգնության եւ սպասարկման նկատմամբ վերահսկողության վերաբերյալ իրավական կարգավորումները եւ առկա խնդիրները:

Հետազոտությունը ցույց տվեց, որ առողջապահության ոլորտում կոռուպցիոն ռիսկերը մեծապես պայմանավորված են համակարգային բնույթի թերություններով՝ անհրաժեշտ չափորոշիչների բացակայությամբ, առկա ընթացակարգերի անկատարությամբ, ֆինանսական ոչ արդյունավետ քաղաքականությամբ, պետական պատվերի համար հատկացվող անբավարար միջոցներով, բժշկատնտեսագիտական չափորոշիչների բացակայությամբ, բուժօգնության գների անիրատեսականությամբ, պետպատվերի գործընթացների ոչ բավարար թափանցիկությամբ եւ հրապարակայնությամբ, կադրային ոչ ճիշտ քաղաքականությամբ, բնակչության իրազեկվածության ցածր մակարդակով, բժշկական կազմակերպություններում իրականացվող վերահսկողության ցածր մակարդակով:

Հենց այս խնդիրները պատճառ են դառնում պետության կողմից երաշխավորված անվճար եւ արտոնյալ պայմաններով բուժօգնության բնագավառում հիվանդների իրավունքների ոտնահարման համար, խոչընդոտում մատուցվող բուժօգնության մատչելիությունը եւ ազդում որակի ապահովման վրա: Նման իրավիճակում բացառվում է հիվանդների կողմից իրավիճակի վրա ազդելու հնարավորությունը, իսկ ներդրված բողոքարկման մեխանիզմների ոչ լիարժեքությունը լուրջ նախադրյալներ է ստեղծում «ոչ պաշտոնական» վճարումների ձեւավորման համար:

Որոշ ավանդույթները, «հիվանդ-բժիշկ» կամ «քաղաքացի-բժշկական կազմակերպություն» հարաբերություններում առկա կարծրատիպերը, արդյունավետ բուժօգնություն ստանալու նպատակով վճարել գերադասող մտածելակերպը նույնպես կոռուպցիոն ռիսկեր առաջացնող խնդիրներ են:

Ակնկալվում է, որ ներկայացված առաջարկությունները արձագանք կստանան ՀՀ ԱՆ եւ այլ շահագրգիռ պետական մարմինների կողմից, ինչպես նաեւ կներառվեն 2015-2018թթ. հակակոռուպցիոն ռազմավարությունից բխող ՀՀ առողջապահության նախարարության հակակոռուպցիոն միջոցառումների ծրագրում: