Ես «Նաիրիտ» գործարանի աշխատանքային խմբի անդամներին լիազորել եմ բանակցություններ վարել ցանկացած հնարավոր ներդրողի հետ: Սակայն մինչեւ հիմա ոչ մի առաջարկ չի ստացվել: Այս մասին հունիսի 8-ին խորհրդարանում ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոյն Յոլյանը՝ պատասխանելով  ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանի հարցին:

Նախարարի խոսքով՝ աշխատանքային խմբում ներգրավված են գործարանի աշխատակիցները, այդ թվում՝ նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանը: Քիմիական արտադրությունը, այդ թվում՝ սինթետիկ կաուչուկինը,  բավական սպեցիֆիկ ոլորտ է: «Այստեղ հնարավոր ներդրողների թիվը մեծ չէ, եւ նրանք, միգուցե, հայտնի են հենց Իսրայելյանին: Քիչ թե շատ իրատեսական առաջարկները ես հանձնարարել եմ ներկայացնել ինձ: Սակայն դեռ ոչ մի առաջարկ չի ստացվել»,- նշել է նախարարը եւ հավելել, որ գործարանում գույքագրում է ընթանում, բայց ոչ թե գույքը աճուրդի հանելու  համար, այլ դյուրավառ եւ պայթյունավտանգ նյութերի:

Հիշեցնենք, որ 2006-ին պետությունը «Նաիրիտ» ընկերության  90 տոկոսը 40 մլն դոլարով վաճառել էր բրիտանական «Rhinoville Property Limited» կոնսորցիումին: Այդ ժամանակվանից ընկերությունը գործնականում ոչ մի անգամ հանդես չի եկել հանրության կամ մամուլի առաջ:  2006-ին ԱՊՀ-ի Միջպետբանկը  70 մլն դոլարի  «Rhinoville» վարկային գիծն է բացել, որն ընկերությունը չի փակել:  2014-ի հունվարին Մոսկվայի արբիտրաժային դատարանը բավարարել է Միջպետբանկի հայցը բաժնետոմսերի  90 տոկոսը պարտքի դիմաց բռնագանձելու վերաբերյալ: Մնացած 10 տոկոսը պատկանում է Հայաստանի կառավարությանը: Ձեռնարկությունը, որը համաշխարհային շուկաներում պահանջարկ ունեցող քլորոպրենային կաուչուկ է արտադրում, պարապուրդի է մատնված  2010-ի ապրիլից: