Հայաստանում տնտեսական աճը պետք է 7,5 տոկոս լիներ 3 տոկոսի փոխարեն: Այդ մասին հունիսի 8-ին խորհրդարանում հայտնել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը 2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը:
Եթե հաշվի առնենք, որ 2015-ին համաշխարհային տնտեսության աճը 3,2 տոկոս է կազմել, ուրեմն, քանի որ Հայաստանը զարգացած երկրներից հետ է մնում 3 անգամ եւ կապիտալի 2,5 – 3 անգամ ավելի բարձր սահմանային արտադրողականություն ունի, տնտեսական աճը պետք է լիներ, փոքրիկ զեղչով, ոչ պակաս, քան 7,5 տոկոս:
Եթե նման աճ չկա, ուրեմն տնտեսության մեջ կառուցվածքային խնդիրներ կան, հավելել է նա:
2016-ի հունվար-ապրիլի տնտեսական աճը եւս ստիպում է մտորել: Եթե վիճակագրական տվյալների համաձայն, այն 6 տոկոս է կազմել, իսկ ինֆլյացիա չի եղել, ուրեմն եկամուտը պետք է աճեր 6-7 տոկոսով: Բայց դա 2015-ի նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 0,1 տոկոսով:
Ընդհանուր առմամբ, վերջին 8-9 տարվա ընթացքում բյուջեն դոլարային արտահայտությամբ կրճատվել է 2,7-ից մինչեւ 2,35 մլրդ դոլար: Եվ դրա վերջը չի երեւում, հավելել է նա:
Սա ստիպում է մտածել ՀՆԱ-ի ոչ միայն քանակական, այլեւ որական աճի մասին:
«Մեզ պետք է արդյոք այնպիսի աճ, որը հիմնված է լեռնահանքային արդյունաբերության վրա: Եթե կարելի է այդպես հարցեր լուծել, ուրեմն բոլոր էքսկավատորները ուղարկենք Թեղուտի հանքավայր, ամեն ինչ արդյունահանենք այնտեղից եւ մեր տնտեսությունը կաճի 20 տոկոսով: Իսկ հետո՞», - հայտնել է Բագրատյանը:
Աճը ապահովվել է թույլ հարկմամբ ոլորտների հաշվին: Բայց այդ դեպքում անհրաժեշտ է մտածել, թե ինչպես փոխել հարկումը շինարարությունում, եւ նման բան արդեն առաջարկվել է, հավելել է նա:
Եթե խոսենք գյուղատնտեսության մասին, դրա աճը ստուգելն անհնար է եւ դա ոչ քիչ կասկածներ է առաջացնում, ինչի մասին եւս առաջին անգամ չի խոսվում, նկատել է նա:
Լիովին չեն համոզում նաեւ կառավարության փաստարկները Ռուսաստանի տնտեսությունում բարդությունների բացասական ազդեցության մասին:
«Չէ որ 2015-ի արդյունքում Ռուսաստանում տնտեսության 7 տոկոս անկում էին ակնկալում, բայց եղավ 3,7 տոկոս: Այսինքն Ռուսաստանը ավելի կայուն դուրս եկավ, քան ակնկալում էին Արեւմուտքը եւ ԱՄՀ-ն», - ամփոփել է Բագրատյանը:



























