Հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից, Երեւան քաղաքի քննչական վարչության Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության բոլոր հանգամանքներն ու մասնակիցների ինքնությունը պարզելու ուղղությամբ։ Քննության ընթացքում պարզվել է սպանության շարժառիթը, 3 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ։

Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 04-ին՝ ժամը 23-00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝  բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա  կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե.Խաչատրյանը տեղում մահացել է։

Քննությամբ պարզվել է նաեւ, որ խճուղով ընթացող մեկ այլ  վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաեւ նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարեւանությամբ գործող  ավտոտեխսպասարկման կետ եւ վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին այսօր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նույն օրը որոշում է կայացվել եւս երկու անձի՝ Ա.Չիչոյանին եւ Ա.Նիկողոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով որպես մեղադրյալ ներգրավելու մասին եւ նրանց նկատմամբ հայտարարվել է հետախուզում։ Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին՝ միջոցներ ձեռնարկել՝ նրանց հայտնաբերելու եւ վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ։

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են քննչական գործողություններ՝ միջադեպին մասնակցություն ունեցած մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց գործողություններն անհատականացնելու ուղղությամբ։

Քննության արդյունքների մասին տեղեկություն կտրամադրվի լրացուցիչ։

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին: