Եթե Արցախի ներկա եւ նախկին պաշտպանության նախարարների միջեւ շարունակվի  ներկայիս իրավիճակը, ապա այն կարող է դառնալ իսկապես գզվռտոց,որը պատիվ չի բերում որեւէ մեկին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն՝ անդրադառնալով Արցախի նախկին ու ներկա իշխանության ներկայացուցիչների փոխադարձ մեղադրանքներին, տարածքները հանձնելու վերաբերյալ հայտարարություններին։

Ըստ պատգամավորի՝ Սամվել Բաբայանի եւ իր համախոհների  հայտարարությունների ու քայլերի միջեւ լուրջ հակասություններ կան, որոնք հուշում են, որ ինչ որ բան մաքուր չէ։

«Մի կողմից հայտարարում են՝  Սամվել Բաբայանին  Արցախի աշտպանության նախարար նշանակելու  ստորագրահավաքի մասին, մյուս կողմից Սամվել Բաբայանը հայտարարում է, որ այդպիսի նպատակ չի հետապնդում։ Ես լավ չեմ կարողանում հասկանալ՝ ինչ  է տեղի ունենում։ Մի կողմից հայտարարում են ստորագրահավաքի մասին, մյուս կողմից Սամվել Բաբայանը ինքը հայտարարում է, որ այդպիսի նպատակ չի հետապնդում։ Ումից է գալիս այս նախաձեռնությունը այստեղ է, որ ինչ որ բան մաքուր չէ»,-ասաց դաշնակցական պատգամավորը։

Պատգամավորը չբացառեց, որ Արցախում տեղի ունեցած վերջին միջադեպերը քաղաքական ենթատեքստ ունեն եւ  նախորդում են առաջիկա ընտրություններին։

«Եթե այսպես շարունակվի, սա կարող է դառնալ իսկապես գզվռտոց, որը պատիվ չի բերում որեւէ մեկին։ Բոլորն էլ պատվարժան մարդիկ են։ Ես չեմ բացառում, որ իսկապես չափից շատ ակտիվացող ուժեր կան, որոնք որ անընդհատ նման դեպքերում փորձում են ինտրիգների դաշտում հաճելի լուծումների ակնալիքներ ունենալ եւ դիմում են նման քայլերի եւ ավելի մեծ վնաս են հասցնում։ Ով  որ նախաձեռնել է  պատգամավորի ծեծը, երեւի լավ չի հասկացել, որ առաջին հերթին մեծ հարված է հասցրել Լեռնային Ղարաբաղի վարկին։ Որեւէ բան չարժեր, որ  գնային այդ քայլի եւ այդ գինը վճարեին։ Ի վերջո Արցախի մասին մենք խոսում էինք որպես կայացած պետության»։

Հարցին, թե Սամվել Բաբայանի Արցախ մեկնելն ու  ժողովրդի հետ հանդիպման ժամանակ հնչեցրած հայտարարությունները քաղաքակա՞ն նպատակ էր հետապնդում, պատասխանեց.

«Չեմ բացառում, որ լինի նաեւ քաղաքական ենթատեքստ, որովհետեւ առջեւոմ քաղաքական լուրջ իրադարձություններ, ընտրություններ  են տեղի ունենալու, իսկ այդ մարդիկ մինչեւ հիմա քաղաքական ակտիվություն են հանդես բերել, այնպես չի որ մինչեւ հիմա ընտրություններում մեկուսացված են եղել։  Պետք չի տրվել քաղաքական ու ընտրական կրքերին, ամենակարեւորը Ղարաբաղի վարկանիշն է»։