Մասնագիտական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար 2,5 տարվա ազատազրկման դատապարտված՝ Գյումրիի բժշկական կենտրոնի բժշկուհի, ռադիոլոգ Նազանի Մալխասյանը շարունակում է աշխատել ԲԿ-ում:
NEWS.am-ի թղթակցին բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Մալխասյանն աշխատում է, քանի որ դեռեւս դատավճիռն ուժի մեջ չի մտել:
«Վճիռը բողոքարկվել է: Եթե այդ դատավճիռը մտնի օրինական ուժի մեջ, այդ ժամանակ մասնագիտական գործունեությունը կդադարեցվի»,- ասացին հիվանդանոցից:
Նշենք, որ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղադրական դատավճիռ է կայացրել մայիսի 21-ին: Դատարանը Մալխասյանին նաեւ երեք տարով զրկել է բժշկությամբ զբաղվելու իրավունքից: Պաշտպանական կողմը վճռի հետ համաձայն չէ:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ ռադիոլոգ Նազանի Մալխասյանն իր մասնագիտական պարտականությունների նկատմամբ անփույթ եւ անբարեխիղճ վերաբերմունքի հետեւանքով այդ պարտականությունները կատարել է ոչ պատշաճ, ինչի հետեւանքով անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդ Լեւոն Դարբինյանի մահը:
Նազանի Մալխասյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:




























