Հայտնի է Վանաձորում նախօրեին երեկոյան դանակահարված երիտասարդների ինքնությունը:

Ըստ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության՝ ժամը 20.45-ին «որովայնի ծակած-կտրած թափանցող վերքեր» ախտորոշմամբ Վանաձորի բժշկական կենտրոն են դիմել Թումանյան համայնքի բնակիչ, 19-ամյա Արշակ Պողոսյանը եւ Վանաձորի բնակիչ, 22-ամյա Մերուժան Եղինյանը:

Դեպքի առթիվ նույն օրը հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Արշակ Պողոսյանը եւ Մերուժան Եղինյանը ճանաչվել են տուժող, սակայն չեն հարցաքննվել՝ քննչական գործողությանը մասնակցել ի վիճակի չլինելու պատճառով:

Առգրավվել են տուժողների հագուստները, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կազմվել քննչական պլան, հանձնարարություն է տրվել հետաքննության մարմնին, հանցագործության բացահայտման ուղղությամբ կատարվում են լայնածավալ քննչական եւ դատավարական այլ գործողություններ:

Նշենք, որ երիտասարդների վիճակը գնահատվում է ծանր: