Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ դիմած քաղաքացին հայտնել է, որ 2015 թ. օգոստոսի 2-ին «6-րդ վարչության 4 աշխատակիցներ» ներխուժել են իրենց բնակարան եւ միայն ծառայողական վկայականներ ներկայացնելով՝ առանց որեւէ հիմնավորման՝ իրեն եւ ամուսնուն տեղափոխել են ոստիկանության «Էրեբունու» բաժին, որտեղ, պահելով առանձին սենյակներում, բռնություն են կիրառել իրենց նկատմամբ:

Այս առնչությամբ, ՀՔԱՎ գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ նաեւ ասվում է.

«Կազմակերպության Երեւանի գրասենյակ ներկայացրած դիմումով Տ. Մ.-ն նշել է, որ լսել է, թե ինչպես են ծեծում ամուսնուն, իսկ ավելի ուշ նրան տեսել է վնասված դեմքով: Ինչպես հայտնում է Տ. Մ.-ն, քննչական բաժնում, առանց իր իրավունքները պարզաբանելու՝ կալանքի եւ տասնօրական երեխային մանկատուն հանձնելու սպառնալիքով քննիչը ստիպել է իրեն ցուցմունք գրել այն մասին, որ ինքն ու ամուսինն են ոմն Ս. Վ.-ի նկատմամբ կատարված մահափորձի հեղինակը: Դրանից հետո նրան բաց են թողել, իսկ ամուսնուն՝ կալանավորել:

Հետագայում եւս Տ. Մ.-ն կանչվել է ՀՀ Քննչական կոմիտե, որտեղ հանրային պաշտպանի ներկայությամբ կրկին փորձել են հարցաքննել նրան: Երբ վերջինս հրաժարվել է ցուցմունք տալուց՝ նշելով, որ հանցագործությունը իրենք չեն կատարել, քննիչը, կալանավորման մասին որոշում տպելով, սպառնացել է նրան տեղափոխել «կանանց գաղութ»: Ապա երեխային մանկատուն հանձնելու սպառնալիքի եւ հոգեբանական ճնշման ներքո Տ. Մ.-ն խոստովանական ցուցմունք է տվել: Ավելի ուշ առերես հարցաքննության ժամանակ կրկին ժխտել է իր եւ ամուսնու կողմից հանցագործություն կատարելու հանգամանքը:

Հիմք ընդունելով քաղաքացու դիմումը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի կողմից հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ Հատուկ քննչական ծառայություն: ՀՀ ՀՔԾ-ից 2016 թ. հունիսի 8-ին ստացված գրությունների համաձայն՝ հանցագործության մասին հաղորդումն ուղարկվել է ՀՀ Քննչական կոմիտե եւ ՀՀ Ոստիկանության ներքին անվտանգության վարչություն: