Հովհաննես Այվազովսկու «Փրկվածը» կտավը MacDougall's աճուրդի տանը վաճառել են գրեթե 500 հազար ֆունտով: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստին»` վկայակոչելով MacDougall's-ի հիմնադիր եւ ղեկավար Ուիլյամ Մակդուգալլին:
«Փրկվածը» աճուրդին վաճառվել է 499 հազար ֆունտով, նախնական գինը եղել է 450–600 հազար ֆունտ:
Եվս մեկ նմուշ` սիրիական Պալմիրա քաղաքի պատկերը, որը պատկանում է Ալեքսանդր Յակովլեւի վրձնին, վաճառվել է 461,8 հազար ֆունտով, երբ նախնական արժեքը 100–150 հազար ֆունտ էր:
Վաճառքի գնով երրորդ տեղը զբաղեցնում է Յուրի Պիմենովի «Մեծ թատրոնի հանդերձարանը» կտավը, որը վաճառվել է 273,9 հազար ֆունտով:
Հայտնի է դարձել նաեւ, որ Կոնստանտին Մակովսկու վրձնին պատկանող աղջկա դիմանկարը աճուրդին վաճառվել է 35 հազար ֆունտով` դառնալով Լոնդոնում Bonhams-ի «ռուսական» առք ու վաճառքի թոփ-նմուշը:
Սակայն գլխավոր եւ ամենաթանկարժեք նմուշները աճուրդի տունը չի կարողացել վաճառել: Դրանք Միխայիլ Վրուբելի, Միխայիլ Լարիոնովի եւ Յուրի Աննենկովի կտավներն էին:




























