ԼՂՀ Ազգային ժողովի պատգամավոր Հայկ Խանումյանին առեւանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով քննչական խմբի կողմից հունիսի 6-ից 8-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել են մի շարք դատավարական գործողություններ:

ԼՂՀ ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես, ի թիվս այլոց, տեղի են ունեցել հետեւյալ գործողությունները.

- կատարվել է դեպքի վայր հանդիսացող Ստեփանակերտ քաղաքի Վերածննդի հրապարակի համապատասխան հատվածի զննություն, որի ընթացքում նաեւ արձանագրվել են այն շենքերն ու շինությունները, որոնց վրա տեղադրված են տեսագրող սարքեր,

-  որոշում է կայացվել տեսագրող սարքերի դեպքին վերաբերող հնարավոր տեսագրությունները առգրավելու մասին,

-  որոշում է կայացվել Հ.Խանումյանին տուժող ճանաչելու մասին, ինչպես նաեւ կատարվել է տուժողի հարցաքննություն,

-  որոշում է կայացվել տուժողի նկատմամբ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին,

- որոշում է կայացվել Հ.Խանումյանի նկատմամբ պաշտպանության միջոցներ կիրառելու մասին՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ըստ տուժողի ցուցմունքի՝ հանցագործության ընթացքում հնչել են իրեն ուղղված սպառնալիքներ,

-  կատարվել են դեպքին հնարավոր ականատես մի շարք անձանց հարցաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են քննչական եւ օպերատիվ հետախուզական միջոցառումներ՝ ուղղված հանցանք կատարած անձանց ինքնությունը պարզելուն:

Հիշեցնենք, որ Հայկ Խանումյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 129-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ կետերի /մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով կամ դրա գործադրելու սպառնալիքով մարդուն առեւանգելը/ հիման վրա։