Համաշխարհային բանկը Հայաստանին 55 մլն դոլար կտրամադրի մշակույթի հուշարձանների բարեկարգման համար: Դրա վերաբերյալ վարկային համաձայնագիրը հավանության է արժանացել կառավարության հունիսի  9-ի նիստին:

Ծրագրի շրջանակում կնորոգվեն Գորիս եւ Մեղրի քաղաքների հին թաղամասերը, որոնք այդ քաղաքների եւ ընդհանուր առմամբ` հանրապետության պատմամշակութային ժառանգությունն են, ինչպես նաեւ հնություններ Արենի, Տաթեւ եւ Տանձատապ գյուղերում:  Նախատեսված է նաեւ վերականգնմանն ուղղված նախագծերի դրամաշնորհային ֆինանսովորում (ճակատամասերի եւ տանիքների, հանրային տարածքների, թանգարանների, ենթակառուցվածքների եւ մուտքի ճանապարհների  նորոգում): Նախատեսված է նաեւ բարեկարգել Գառնու տաճարի, Խոր Վիրապի վանքի, Արենի գյուղում շուկայի եւ քարանձավի, Մոզրովի քարանձավի, Եղեգիս գյուղի   (Օրբելյան իշխանների միջնադարյան նստավայրը), Քարահունջի մեգալիթյան շինության, Խնձորեսկ գյուղին հարակից քարանձավների, ինչպես նաեւ Հաղպատ եւ Սանահին վանքերի շրջակա տարածքը: 

Միջոցները կտրամադրվեն 6-ամսյա Libor + լողացող մարժա պայմանով, 25 տարով, 14,5 տարվա արտոնյալ ժամանակահատվածով: