Հայաստանի կառավարությունը հունիսի 9-ի նիստի ժամանակ հաստատել է Եվոպական ռեկոնստրուկցիայի ու զարգացման բանկի հետ վարկային ծրագիրը՝ Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերում պինդ թափոնների կառավարման համար: Վարկի ծավալը կազմում է մոտ 5.5 մլն եվրո: Նույնքան էլ ծրագրում են ներգրավել դրամաշնորհային միջոցներից՝ 3.5 մլն եվրո Եվրոպական հարեւանության քաղաքականության ներդրումային ինստիտուտից ու 2 մլն՝ Էներգախնայողության ու շրջակա միջավայրի հարցերով գործընկերության արեւելաեվրոպական հիմնադրամից:
Ծրագիրը ներառելու է նոր աղբատարների, կոնտեյներների գնում, աղբահանման նոր կետերի բացում, նաեւ նոր աղբանոցի շինարարություն ու դրա համար անհրաժեշտ հատուկ տեխնիկայի ձեռքբերում: Վարկի պայմանները առանձին են երկու բաղկացուցիչի համար՝ 3.5 մլն եվրոն Կոտայքի մարզի համար է ու 2 մլն-ը՝Գեղարքունիքի: 3.5 մլն եվրոյի բաղկացուցիչը տրամադրվում է 14 տարի ժամկետով, երկու տարվա արտոնյալ ժամանակաշրջանով, իսկ 2 մլն-ը՝ մինչեւ 15 տարի ժամկետով, 3 տարվա արտոնյալ ժամանակաշրջանով: Վարկի տոկոսադրույքն է վեցամսվա EURIBOR + 1 տոկոս:



























