Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը կարծում է, որ 2015թ. բյուջեի կատարողականում թիրախային խնդիրները ճիշտ չեն ընտրված՝ հաշվի առնելով, որ երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում:

«Օրինակ, միլիոնավոր գումարներ են ծախսվում փոքր եւ միջին ձեռնարկատերերի համար սեմինարներ կազմակերպելուն, սակայն արդյունքների, կատարված ծախսերի մասին հստակ տեղեկատվություն չկա: Անդրադարձ չկա նաեւ, թե «Որոտան Կասկադի» վաճառքն ինչ տնտեսական արդյունքի է հանգեցրել: Նույնը վերաբերում է նաեւ զբաղվածության խթանմանը վերաբերող պետական ծրագրերին: Ըստ կատարողականի՝ դրանց շնորհիվ համալրվել է շուրջ 6 հազար թափուր աշխատատեղ, սակայն չկա հիշատակում, թե ինչպիսի աշխատատեղերի մասին է խոսքը, տնտեսության որ ճյուղերն են համալրվել, որ մասնագիտությամբ եւ այլն»,- այսօր՝ հունիսի 9-ին, կատարողականի քննարկման ժամանակ ասաց Լյուդմիլա Սարգսյանը:

Ընդդիմադիր պատգամավորի խոսքով՝ կատարողականում գրված է, որ աղքատության 2 տոկոս նվազում կա, սակայն ամրապնդված չէ, թե ինչ չափանիշով ու հաշվարկային մեթոդաբանությամբ. «Կատարողականում ընդհանրական եւ ոչինչ չասող ձեւակերպումների ենք հանդիպում»: