Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հակաօդային պաշտպանության միավորված համակարգի մասին համաձայնագրին երկակի կարելի է մոտենալ: Այս մասին, այսօր՝ հունիսի 9-ին, կառավարությունում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

«Իհարկե, մամուլում էլ կան վերլուծություններ, որտեղ նշում են եւ թերի, եւ դրական կոմերը: Այնպես որ ամեն ինչ կախված է այդ ամենի իրագործումից»,-ասաց նա:

Դիտարկմանը, թե այդ համաձայնագրով Հայաստանի օդային տարածքի անկախությունը վերանում է կամ զգալորեն կրճատվում, Քոչարյանն արձագանքեց. «Իրականում դա այնքան էլ այդպես չի: Կա երկրորդ կողմը՝ դա այն հնարավորությունն է, որ մեզ հնարավորություն է տալու շատ մանրակրկիտ դիտարկել մեզ շրջապատող տարածքը: Այսինքն մենք ինքներս, այդ հնարավորությունը, որ տալիս է Ռուսաստանի տեխնիկան, չունենք: Իսկ այդ հնարավորությունը՝ դետալացված դիտարկել մեզ շրջապատող տարածքը, կարծում եմ՝ շատ կարեւոր է»:

Նրա խոսքով, նույնանման պայմանագրեր գործում են ՀԱՊԿ տարածքում: «ՀԱՊԿ-ն ռազմական առումով բաժանված է երեք գոտու՝ արեւմտյան գոտին, որտեղ գործում են Ռուսաստանի եւ Բելառուսի զինված ուժերը, երկրորդը Կենտրոնական Ասիայի ուղղությունն է, որտեղ կրկին Ռուսաստանը եւ Կենտրոնական Ասիայի երկրներն են, եւ երրորդըԿովկասյան ուղղությունն է, որտեղ Հայաստանի եւ ռուսաստանի զինված ուժերն են: Այսինքն դա ՀԱՊԿ-ի շրջանակներում ընդհանուր ծրագիր է»,-ասաց ԱԳ փոխնախարարը:

Նշենք, որ հունիսի 3-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել է 2015թ. դեկտեմբերին ստորագրված «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում ՀՕՊ միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը: Այն դրական եզրակացությամբ ընդգրկվել է ԱԺ նիստերի օրակարգում՝ վավերացման համար:

Այս համաձայնագիրը հակազդեցություն է առաջացրել որոշակի քաղաքական ու քաղաքացիական շրջանակների կողմից, որոնք նշում են, որ սրանով Հայաստանը Ռուսաստանին է զիջում նաեւ իր օդային տարածքն ու անվտանգությունը: