Տնտեսությունն այսօր ձեւավորվում է միայն որպես հանքարդյունաբերություն եւ գյուղատնտեսություն, ինչը միանշանակ դրական չէ: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, խորհրդարանում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց «Օրինաց երկիր» խմբակցության քարտուղար Մհեր Շահգելդյանը:
«Հայաստանում գյուղացիական եւ քաղաքական բնակչության քանակը գրեթե հավասարվել է, ինչը երբեւիցե չի եղել: Հաշվի առնելով, որ գյուղատնտեսության մեջ արտադրողականությունը ցածր է, տնտեսության այս ձեւը բացասական կարող է ազդել ապագայի վրա»,- ասաց Մհեր Շահգելդյանը:
Ըստ ՕԵԿ-ական պատգամավորի, աննախադեպ ձեւով վարկեր են ներգրավվում, մինչդեռ վերջին տարիների ընթացքում տնտեսության մեջ տեղ գտած բացասական միտումների դեպքում այս չափի վարկավորումը ընդունելի չէ եւ սերունդների վրա լրջագույն բեռ է դնում. «Հարց է ծագում անընդհատ, թե ով է այս վարկերը տալու: Այս քանակի վարկերի ներգրավումը տնտեսության մեջ լրջագույն վտանգ է հետագայում Հայաստանի վարկունակության համար»:
Պատգամավորը հիշեցրեց, որ մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտաքին պարտքը աճել է 536 միլիոն դոլարով:



























