Բյուջետային միջոցներն ավելի արդյունավետ տնտեսելու համար անհրաժեշտ է որակյալ նախագծում իրականացնել: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, Ազգային ժողովում 2015թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասաց Հանրապետության քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը՝ նշելով, որ հենց սրա համար իրենք անցած տարի ստեղծեցին քաղաքաշինության ոլորտի փորձագիտական կենտրոն, որի բացակայությունը «լուրջ բացթողում» էր:
«Ռիսկային օբյեկտների նախագծումները կանցնեն լուրջ փորձաքննություն, եւ կպարզվի՝ ինչպես առավել արդյունավետ օգտագործել միջոցները: Մենք ստեղծում ենք նաեւ հատուկ մասնագիտական խումբ, որը նախագծերը կուսումնասիրեն: Շատ դեպքեր կան, երբ դպրոցների վերանորոգման կամ կառուցման ժամանակ կան շքեղություններ, որոնց կարիքը չկա, եւ, կարծում եմ, նախագծերի մասով մենք կունենանք լուրջ մոտեցումներ»,- ասաց նախարարը:
Ըստ Նարեկ Սարգսյանի՝ շատ կարեւոր է նաեւ նորագույն տեխնոլոգիաների կիրառումը: Օրինակ, եթե արեւային մարտկոցների սալիկներ կիրառվեն տանիքներին, գնային լուրջ փոփոխություն չի առաջացնում, բայց շահագործման ծախսերի կրճատման կբերի:
«Այժմ մենք փորձարկում ենք այս փոփոխությունը: Մենք նաեւ մրցույթներն այնպես ենք կազմակերպում, որ ապակենտրոնացնենք»,- ասաց նա:




























