«Օֆշորի» գործով դատական նիստին այսօր՝ հունիսի 9-ին, հարցաքննվեցին գործով վկաներ՝ Ֆինանսների նախարարության նախկին աշխատակից Վահագն Օհանյանը եւ Փորձաքննությունների ազգային բյուրոյի նախկին փորձագետ Գեւորգ Մկրտչյանը:
Փորձագետ Գեւորգ Մկրտչյանը նշեց, որ գործով ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին պատկանող «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի եւ «Ամերիաբանկի» միջեւ կնքված հիմնական պայմանագրի հիման վրա տրամադրված վարկի գումարների ծախսման վերաբերյալ խախտումներ չեն հայտնաբերվել. «Ստուգում է կատարվել եւ զուտ փաստաթղթային առումով խախտումներ չեն կատարվել: 10,7 միլիոն դոլար վարկ է տրամադրվել սակայն, այն 9 միլիոնը, որը նախատեսված է եղել սարքավորումներ գնելու համար, սարքավորումները գնված չեն եղել, այդ մասին փաստաթուղթ չի ներկայացվել»:
Փաստաբանի հարցին՝ արդյոք վարկային պայմանագրի խախտում չէ, երբ վարկով տրամադրված 10, 7 միլիոն դոլարից 9 միլիոնը, որը սարքավորումներ ձեռք բերելու համար է նախատեսված եղել, չի կատարվել, այլ 3 միլիոն դոլարի ոսկու ձուլակտոր է ձեռք բերվել, փորձագետը պատասխանեց, որ ըստ վարկային պայմանագրի՝ այդ գումարը նախատեսված է հիմնական եւ շրջանառու միջոցներ ձեռք բերելու համար եւ կարելի է ասել, որ ըստ էության, խախտում չի եղել:
Ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանը փորձագետից հետաքրքրվեց՝ արդյոք ուսումնասիրվել է «Ձորագյուղ» արտադրական կոոպերատիվի գործունեության ողջ ընթացքը: Մկրտչյանը պատասխանեց, որ ուսումնասիրվել է միայն այն ժամանակաշրջանը, որը վերաբերել է ուսումնասիրությունների համար անհրաժեշտ հարցերը պարզելուն:
Ֆինանսների նախարարության նախկին աշխատակից Վահագն Օհանյանն էլ նշեց, որ Ֆինանասների նախարարության՝ դատարան ներկայացրած տեղեկանքը բանկի ներկայացրած փաստաթղթերի հիման վրա է կազմվել եւ տեղեկանքում կա գրվածին ավելացնելու ոչինչ չունի:
Հաջորդ դատականի նիստին, որը նշանակվեց հունիսի 16-ին, կհարցաքննվեն Կենտրոնական բանկի աշխատակիցները:
Նշենք, որ գործարար Աշոտ Սուքիասյանին մեղադրանք է առաջադրվել ՔՕ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 178-րդ հոդվածի 1-ին կետով, 205-րդ հոդվածի 2-րդ մասով այն բանի համար, որ նա խարդախությամբ ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի նկատմամբ իրավունք է ձեռք բերել, օրինականացրել հանցավոր ճանապարհով ստացված առանձնապես խոշոր չափերով եկամուտներ, ինչպես նաեւ չարամտորեն խուսափել է առանձնապես խոշոր չափերով հարկեր, տուրքեր եւ պարտադիր այլ վճարումներ կատարելուց:
«Օֆշորի գործով» տուժող ճանաչված, ունեզրկված գործարար Փայլակ Հայրապետյանը պնդում է, որ իրեն պատկանող մոտ 100 միլիոն ԱՄՆ դոլարի անշարժ գույքը 2009թ. գրավ է դրել «Ամերիաբանկում», որն այն գնահատել է 33 միլիոն դոլար եւ դրա դիմաց գործարար Աշոտ Սուքիասյանին հատկացրել 10.7 միլիոն դոլար: Վերջինը, պայմանավորվածության համաձայն, այդ գումարը Աֆրիկայում ոսկու եւ ալմաստի արդյունահանման մեջ ներդնելու փոխարեն, փոխանցել է կիպրոսյան օֆշորային մի քանի ընկերությունների, այդ թվում՝ Wlispera Holdings Limited-ին, իսկ Փայլակ Հայրապետյանը զրկվել է ունեցվածքից:
Կիպրոսի ռեգիստրի պաշտոնական կայքում Wlispera Holdings Limited-ի բաժնետեր նշվում էին Աշոտ Սուքիասյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը եւ Սամվել Կճոյանը: Սակայն 2014թ. հունվարին Թբիլիսում ձերբակալված եւ հինգ ամիս անց հայաստանյան իրավապահներին արտահանձնված Սուքիասյանը պնդում է, որ Տիգրան Սարգսյանը եւ արքեպիսկոպոս Կճոյանը որեւէ կապ չունեն օֆշորային այդ ընկերության հետ, եւ որ նրանց ստորագրություններն անձամբ ինքն է կեղծել:
Տիգրան Սարգսյանը եւ Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, սակայն, հերքում են իրենց առնչությունը օֆշորային գործին: Միաժամանակ, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում քննվում է Տիգրան Սարգսյանի քաղաքացիական հայցն ընդդեմ Փայլակ Հայրապետյանի, որով նախկին վարչապետը պահանջում է հերքել լրատվամիջոցներում իր հասցեին հնչեցրած մեղադրանքները, որոնք նա համարում է զրպարտություն, եւ հասցված բարոյական վնասի դիմաց 1 միլիոն ՀՀ դրամ փոխհատուցել:






























