Վրաստանի խորհրդարանում, հունիսի 8-ին, Ախալքալաքի շրջանից ընտրված պատգամավոր Սամվել Պետրոսյանը կոչ է արել հետեւել Գերմանիայի Բունդեսթագի օրինակին եւ ճանաչել հայոց ցեղասպանությունը, հաղորդում է Akhaltskha.net-ը:
Նա իր ելույթում, մասնավորապես, ասել է.
«Սույն թվականի հունիսի 2–ին Գերմանիայի Բունդեսթագը բանաձեւ է ընդունել, եւ դատապարտել Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը:
Ես կցանկանայի այս բարձր ամբիոնից անկեղծորեն շնորհակալություն հայտնել Գերմանիայի Բունդեսթագին եւ գերմանացի ողջ ժողովուրդին 100 տարի առաջվա իրադարձություններին օբյեկտիվ մոտեցման եւ պատմական արդարության վերականգնման համար:
Նաեւ կոչ եմ անում բոլոր այն ժողովրդավարական երկրներին, այդ թվում Վրաստանին, որոնք դեռ չեն ճանաչել Ցեղասպանությունը, հետեւել Գերմանիայի եւ շատ այլ երկրների օրինակին, ճանաչել ու դատապարտել Հայոց ցեղասպանությունը, դրանով իսկ կանխել նման հանցագործությունները այլ ժողովուրդների առնչությամբ»:
Նշենք, որ Սամվել Պետրոսյանը Վրաստանի խորհրդարանի պատգամավոր 2012 թ. հոկտեմբերի 1-ից: Մինչ այդ, նա վարել է վարչական պաշտոններ, այդ թվում Ախալքալաքի շրջանի պրեֆեկտի պաշտոնը 1991 թ նոյեմբերի 11-ից:





























