Հայաստանում տեսչական ստուգումների մորատորիումը կերկարաձգեն մինչեւ 2016-ի վերջը: Այս մասին համապատասխան որոշումն ընդունվել է հունիսի 9-ին Կառավարության նիստում:
2015-ի հուլիսի 30-ի Կառավարության որոշմամբ 11 ամսով (2015-ի օգոստոսի 1-ից 2016-ի հուլիսի 1-ը) արգելվել էր պետական մարմինների ստուգումները, բացառությամբ հարկային եւ մաքսային ծառայությունների: Ստուգումները թույլատրվել էին միայն պետության կամ համայնքի ամբողջական կամ մասնակի մասնակցությամբ ձեռնարկություններում, պետական, ոչ առեւտրային կազմակերպություններում (դպրոցներ, մանկապարտեզներ):

Ստուգումները թույլատրված են նաեւ քրեական գործի շրջանակներում, ինչպես նաեւ սննդի անվտանգության ստուգումների համար դպրոցներում եւ մանկապարտեզներում: Ստուգումները թույլատրված են նաեւ հասարակության եւ քաղաքացիների համար վտանգ սպառնալու դեպքում: Ստուգումները թույլատրված են ռիսկի բարձր աստիճանով տնտեսվարող սուբյեկտների գերատեսչական ստուգումների տարեկան պլաններով:

Ձեռնարկությունների աջակցության եւ նրանց գործունեության թեթեւացման համար որոշվել է մորատորիումը երկարաձգել մինչեւ 2016-ի դեկտեմբերի 31-ը: