Կովկասյան տարածաշրջանում ՌԴ-ի հետ միավորված հակաօդային պաշտպանության համակարգ  ստեղծելը չի նշանակում, որ  Հայաստանն այսօր չունի հակաօդային պաշտպանության համակարգ եւ համատեղ իրականացնելով՝ մենք կորցնում ենք մեր համակարգի ինքնուրույնությունը: Այս մասին այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը՝ անդրադառնալով Հայաստանի հետ Հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) տարածաշրջանային միասնական համակարգի ստեղծման մասին համաձայնագրին:

«Սա պետք է դիտարկել որպես մեր պաշտպանական համակարգի լրացուցիչ միավոր եւ պետք չէ հակասության մեջ դնել: Մոտ ժամանակահատվածում քննարկելու ենք այս համաձայնագիրը, հուսով եմ՝ նաեւ արտահերթ նիստերի ընթացքում մենք հնարավարություն կունենանք քննարկելու նաեւ դեռեւս անցած տարի դեկտեմբերին կնքված այս համաձայնագիրը: Ենթադրում եմ, որ այս համաձայնագրի վավերացումը բուռն ընթացք է ունենալու եւ հնչելու են տարբեր մոտեցումներ ու անհանգստություն»,-ասաց Կորյուն Նահապետյանը:

Դիտարկմանը, թե այս պահին հնչող անհանգստությունը վերաբերում է նրան, որ Հայաստանը իր օդային տարածքի վերահսկողությունը զիջում է Ռուսաստանին, նա ասաց.  «Չկա նման բան, որեւէ  կերպ չպետք է ընդունել այդ մտահոգությունը, որովհետեւ մենք չենք հանձնում Ռուսաստանին: Սա փոխշահավետ համաձայնագիր է երկու պետությունների շահերին համապատասխանում է: Նախեւառաջ պետք է դիտարկենք ՀՀ ազգային անվտանգության շահերի տեսանկյունից՝ որքանով է համաձայնագիրը նպաստելու մեր ազգային եւ պաշտպանական համակարգի ամրապնդմանը: Մեր հակաօդային պաշտպանության համակարգում ունենք զգալի ձեռքբերումներ: Այն ինչ որ մենք հիմա անում ենք Կովկասյան տարածաշրջանում ձեւավորելով հավաքական անվտանգության պատասխանատվության Կովկասյան տարածաշրջանի գոտում նման համակարգ, մենք առավելապես բարձրացնելու ենք մեր պաշտպանունակությունը եւ որեւէ կերպ չենք կորցնելու մեր ինքնուրույնությունը»,-ասաց Նահապետյանը:

Նա նշեց, որ համաձայնագրի 5, 7-րդ հոդվածներով նախատեսված կարգավորումները վերաբերում են հենց Հայաստանի անմիջական հրամանատարության իրականացմանը: Հայաստանի հետ կապված այս հակաօդային պաշտպանության համակարգը իրականացնում են ՀՀ զինված ուժերը, անմիջական հրամանատարությունը եւ գործողությունների իրականացման մասով նույնպես կա համապատասխան կարգավորում, որը ամբողջապես բխում է Հայաստանի շահերից:

«Պատերազմի ժամանակ  օդային տարածքը լիարժեք օգտագործելու առումով ՀՀ զինված ուժերն ունեն անմիջականորեն ղեկավարման լիազորություններ եւ Հայաստանի այդ լիազորությունների շրջանակում իրականացվում է պաշտպանությունը: Համաձայնագրով այդ հարցերի պատասխանը տրված է եւ այդ մասով առաջիկայում կրկին քննարկումներ կլինեն»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է այս համաձայնագրից հետո ԼՂՀ օդային տարածքի պաշտպանության ճակատագրին, Նահապետյանը նշեց.  «Մենք խոսում ենք Հայաստանի օդային տարածքի մասին եւ տարածաշրջանի գոտիավորման մասով նույնպես համաձայնագրում համապատասխան ձեւակերպում կա, չկա հիշատակում ուղղակիորեն Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օդային տարածքի մասին՝ հաշվի առնելով, որ մյուս կողմը նման բան անելով՝ արդեն իսկ կընդուներ փաստը, որ ճանաչում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»:

Անդրադառանալով ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի այն պնդմանը, որ այս համաձայնագրի վավերացումից հետո միայն կտրվի հայ-ռուսական   վարկային պայմանագրով նախատեսված 200 միլիոն դոլարի զենքը, արձագանքեց.

«Նախ ես չէի ուզենա Հանրապետական կուսակցության խմբակցության ղեկավարի դիրքորոշման հետ կապված լրացուցիչ մեկնաբանություններ անել: Ընդհանուր առմամբ հարցին կարող եմ անդրադառնալ եւ ասել հետեւյալը՝ Հայ ռուսական վարկային համաձայնագրի կատարման հետ կապված աշխատանքներն ընթացքի մեջ են: Պաշտպանության նախարարը տվել է համապատասխան պարզաբանումները, թե ինչ աշխատանքներ են կատարվել եւ կատարվում: Երկու գործընթացները ճիշտ չէ  կապել մեկը մյուսի հետ»:

Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանի այն դիտարկումը, թե  ՀՕՊ պայմանագիրը  ունի նաեւ թերություններ, Կորյուն Նահապետյանը չցանկացավ  փակագծերը բացել: Նշեց, որ այդ մասին մանրամասնորեն կխոսի ԱԺ քննարկումների ժամանակ:

«Համաձայնագրի հետ կապված խնդիրների մասին ես կհնչեցնեմ Ազգային ժողովի քննարկումների ժամանակ, քանի որ պատրաստվում եմ ելույթով հանդես գալ: Ելույթի ընթացքում կլինեն որոշակի շեշտադրումներ»,-նշեց պատգամավորը: