Հայաստանը պետք է ավելի ինքնաբավ դառնա առաջին անհրաժեշտության պարենամթերային ապրանքներով իրեն ապահովելու հարցում: Այս մասին հունիսի 9-ին ԱԺ-ում ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ ներկայացնելով 2015-ի բյուջեի կատարողականի մասին զեկույցի վերաբերյալ խմբակցության տեսակետը:
Նրա խոսքով, բնակչության անապահով խավում առաջին անհրաժեշտության ապրանքների մեծ պահանջարկ կա, բայց մարդիկ չեն կարողանում բավարարել այն: Այս խնդիրը պետք է լուծել կառավարման արդյունավետությունը բարձրացնելով: Կոռուպցիայի ու դե ֆակտո տնտեսական մենաշնորհների դեմ պայքարը Կառավարությունը, ըստ երեւույթին, արդեն առաջնայնություն է դարձրել: «Այդ պայքարի համար միջոցները նշված են նաեւ ՀՅԴ ու ՀՀԿ-ի կոալիցիոն համաձայնագրում: Բնակչության պահանջարկը բավարարելու համար անհրաժեշտ է զրագացնել տեղական արտադրությունը: Երկիրը, որը գտնվում է տնտեսական շրջափակման մեջ, պետք է դրան լուրջ ուշադրություն հատկացնի, ու ներուժ կա: Դրա համար անհրաժեշտ է ընդունել գյուղատնտեսության զարգացման հայեցակարգ, ունենալ զարգացման հայեցակարգ օրենքի մակարդակով»,- նկատեց Ռուստամյանը:



























