Արտագաղթ չի լինի, եթե լինի նորմալ պրոֆեսիոնալ կրթություն: Այս մասին Հայաստանի ԱԺ-ում հունիսի 9-ին ասել է «Հանրապետական» խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ ամփոփելով 2015-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկումների արդյունքները:
Նա ընդունում է, որ բնակչությունը արտագաղթում է ոչ այնքան սոցիալական պատճառներով, որքան ապագայի նկատմամբ անվստահության պատճառով: «Եթե մենք ունենանք արդյունաբերական զարգացման ծրագիր, այդ թվում ռազմական, ու Կրթության ու գիտության նախարարությունը դրա հիման վրա առաջարկի անհրաժեշտ մասնագիտություններով ուսում, այդ ժամանակ մարդիկ կիմանան, որ իրենց մարզում, իրենց քաղաքում կաշխատեն ձեռնարկություններ: Այդ ժամանակ կկարողանան նաեւ ճիշտ ծրագրել իրենց երեխաների ապագան»- Խորհրդային Հյաստանի կյանքից բարեկեցիկ տեսարան նկարագրեց Բաղդասարյանը՝ «կադրի հետեւում» թողնելով այն հարցը, թե ինչն է խանգարում իշխող կուսակցությանը աշխատանքներ իրականացնել այդ ուղղությամբ:





























