Հայաստանի կառավարությունը առնվազն 12 մլրդ դրամով ավելի հարկ է հավաքել, քան կարելի էր սպասել ներմուծման անկման պայմաններում: Այդ մասին հունիսի  9-ին հայտնել է հանրապետության ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը` ելույթ ունենալով  2015-ի պետբյուջեի կատարման վերաբերյալ հաշվետվությանը:   

2015-ի արդյունքում փաստացի եկամուտը կազմել է 1167,7 մլրդ դրամ կամ շտկված պլանի  93,5 տոկոսը (ընթացիկ փոխարժեքով մոտ 2,43 մլրդ դոլար): Դա 2 տոկոսով կամ 23 մլրդ դրամով գերազանցել է 2014-ի փաստացի ցուցանիշը: Միաժամանակ, նրա խոսքով, եթե հարկերը բաժանենք ըստ գործունեության բնույթի   (ներքին շրջանառություն եւ ներմուծում), ներքին շրջանառության հարկերը կազմել են 726,5 մլրդ դրամ 2014-ի    700 մլրդ-ի դիմաց: Դա 3,5 մլրդ-ով պակաս է, քան կարելի էր սպասել ՀՆԱ-ի   4,2 տոկոս անվանական աճի դեպքում:

Մյուս կողմից, ակնկալվածից շատ են հավաքվել ներմուծման հարկեր: Ազգային արժույթով  արտահայտությամբ ներմուծումը կրճատվել է 15,5 տոկոսով: 2014-ին ներմուծման հարկերը կազմել են 314 մլրդ դրամ: 2015-ին ներմուծման նման նվազման դեպքում ակնկալվում էր 265,3 մլրդ դրամի հարկ հավաքել, բայց փաստացի հավաքվել է  277,6 մլրդ: Մաքսատուրք հավաքվել է 44,1 մլրդ դրամի կամ 3,2 մլրդ-ով ավելի, քան ակնկալվում էր ներմուծման նման անկման դեպքում: Ընդ որում, այդ թիվը հաշվի չի առնում այն  17,4 մլրդ դրամը, որ Հայաստանը ստացել է Եվրասիական միության  մաքսատուրքերից իր  1,13 տոկոս քվոտայով: «Այլ կերպ ասած, մենք առնվազն 12 մլրդ դրամով ավելի ենք հավաքել, քան պետք է հավաքեինք ներմուծման նման կրճատման դեպքում», - ամփոփել է նախարարը: