Հարկային օրենսգրքում ընդհանուր առմամբ արտոնությունները չեն կրճատվի: Այդ մասին հունիսի 9-ին Հայաստանի խորհրդարանում հայտնել է Պետեկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը, ներկայացնելով Հարկային օրենսգրքի նախագիծը:
Այժմ արտոնությունները բյուջեին 381 մլրդ դրամ են արժենում (ընթացիկ փոխարժեքով մոտ 797 մլն դոլար, խմբ.), ինչը բյուջեի տարեկան միջին եկամտի ավելի քան 1/3-ն է կազմում: Այնուամենայնիվ, դրանք էականորեն չեն կրճատվի, իսկ սոցիալական ոլորտի բոլոր արտոնությունները կպահպանվեն:
Կվերանայվեն միայն ֆինանսական միջնորդության եւ գիտահետազոտական աշխատանքների արտոնությունները: Երկրորդ դեպքում անհրաժեշտ կլինի ավելի հստակորեն հիմնավորել, թե ծախսն ինչու է դասակարգվում հենց որպես գիտական:
Կվերացվի նաեւ դիզելային վառելիքի համար ԱԱՀ-ի արտոնությունը: Միաժամանակ, դրա թանկացումից խուսափելու համար (հաշվի առնելով դրա կիրառությունը գյուղատնտեսության մեջ) դրա ակցիզը կիջեցվի տոննայի համար 35-ից մինչեւ 13 հազար դրամ:



























