Հայաստանում եկամտահարկն ավելի առաջադիմական կլինի: Հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:

Կուժեղացվի «ավելի բարձր աշխատավարձ՝ ավելի բարձր հարկ» տրամաբանությունը:

Այսպես. այժմյան 187 հազար դրամ միջին աշխատավարձի դեպքում (ընթացիկ փոխարժեքով՝ 390 դոլար - խմբ.) հարկ կլինի ավելի քիչ վճարել (46.360 դրամ՝ 47.000-ի փոխարեն - խմբ.): Հարկային բեռը հավասարեցվում է 204 հազար դրամի դեպքում, իսկ հետո կբարձրանա:

Այլ կերպ ասած՝ միջին աշխատավարձ ստացողները 340 դրամի չափով ավելի պակաս հարկ կվճարեն (սրճարանում մեկ գավաթ սուրճի միջին արժեքից քիչ պակաս):

Ներկայում մինչեւ ամսական 120 հազար դրամ աշխատավարձ ստացողները 24.4% են վճարում, 120 հազարից մինչեւ 2 մլն դրամ ստացողները՝ 26%, 2 մլն-ից ավելի՝ 36%:

Ըստ Միրումյանի, Հարկային օրենսգրքում առաջարկվում է փոքր-ինչ նվազեցնել համեմատաբար ցածր աշխատավարձերից հարկերը, իսկ բարձր աշխատավարձի դեպքում՝ բարձրացնել:

Այսպես. ամսական մինչեւ 120 հազար դրամ աշխատավարձից (ընթացիկ փոխարժեքով՝ շուրջ 250 դոլար - խմբ.) հարկ կլինի վճարել ոչ թե 24.4%, այլլ 23%, 120 հազարից մինչեւ 1 մլն դրամի դեպքում՝ 28%, 1 մլն եւ ավելի աշխատավարձի դեպքում՝ 33%: