16-ամյա Խաչիկ Ղազանչյանի սպանության միակ վկան՝ նրա ընկեր Աբել Բաբայանը, կարծել է՝ սպանության մեջ մեղադրվող Սուրենը կատակ է անում, երբ հարձակվել է Խաչիկի վրա: Այս մասին այսօր՝ հունիսի 9-ին, գործով դատական նիստին հարցաքննվելիս ասաց Աբելի հայրը՝ Արթուր Բաբայանը՝ նշելով, որ այդ մասին իրեն պատմել է որդին:
«Սուրենը մտած է եղել Աբելի թեւը, ծնունդ գնալու ճանապարհին են եղել: Խաչիկը մի քանի քայլ առաջ է եղել, պտտվել, Աբելին ասել է՝ Զատիկդ շնորհավոր, Աբելն էլ ասել ա՝ մոռացել էի, ձերն էլ շնորհավոր, Խաչիկն ասել է՝ ինչի ես Սուրենին շնորհավորում, ինքը չի հավատում, Սուրենն ասել է՝ եթե մի հատ էլ խոսացիր, վատ կլինի: Մի քանի րոպե անցել է, Սուրենը ասել է՝ Խաչիկ, Խաչիկը պտտվել ա: Փաթաթված են եղել, Աբելին թվացել է՝ իրար հետ կատակում են, ասել է՝ թարգեք, ամոթ է, որից հետո պտտվել են, տեսել է՝ Սուրենը՝ Խաչիկի վրա է, դանակով: Սուրենին բրթել, գցել է, հետո, երբ Սուրենը կանգնել է, վախեցել, փախել է»,- դատարանում ցուցմունք տվեց Արթուր Բաբայանը:
Դատարանում վկայի հայրն ասաց, որ որդին իրեն պատահածի մասին հաջորդ օրն է ասել, գնացել են հիվանդանոց, այնուհետեւ Աբելը ոստիկանություն է գնացել, ցուցմունք տվել:
Խաչիկին դանակի 14 հարվածով սպանելու մեջ մեղադրվող՝ նրա 18-ամյա ընկեր Սուրեն Մուրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է:
Լուսանկարում՝ Սուրեն Մուրադյանը




























