Փոքր եւ միջին բիզնեսի համար շրջանառության հարկի շեմը զգալիորեն կնվազի: Հունիսի 9-ին Հայաստանի Ազգային ժողովում Հարկային օրենսգրքի նախագիծը ներկայացնելիս այս մասին հայտարարեց ՊԵԿ ղեկավարի տեղակալ Վախթանգ Միրումյանը: Այն ուժի մեջ պետք է մտնի 2018 թվականից:
Շրջանառության հարկի շեմը (որի դեպքում հաշվապահությունը պարզեցվում է) 2015 թվականին 58.35-ից միանգամից հասցվեց տարեկան 115 մլն դրամի (ընթացիկ փոխարժեքով՝ 240 հազար դոլար - խմբ.): Այդ ժամանակ հայտարարվեց, որ դա ժամանակավոր միջոց է՝ բիզնեսին աջակցելու համար: Այդպիսի արտոնություններն արդարացված է առաջարկել ոչ թե փոքր եւ միջին, այլ միայն միկրոբիզնեսին: Այդ պատճառով առաջարկվում է հարկի շեմը նվազեցնել՝ հասցնելով 40 մլն դրամի:
Հարկավոր է հնարավորինս ավելի շատ ձեռնարկատերերի ընդհանուր հարկային դաշտ մտցնել, քանի որ ներկայում գործող 72 հազար տնտեսվարող սուբյեկտներից այլընտրանքային հարկման դաշտում է 90%-ը (փոքր բիզնեսը - խմբ.): Ըստ Միրումյանի, նման պայմաններում դժվար է հարկա-բյուջետային կայունություն ակնկալել:




























