Դանակ 14 հարվածով սպանված 16-ամյա Խաչիկ Ղազանչյանը մահվանից առաջ քննիչներին ասել է, որ իրեն իր ընկեր Սուրենն է դանակահարել: Այս մասին NEWS.am-ին ասաց նրա հարազատներից մեկը:
«Տաքսիով եկել ա մինչեւ մուտքի մոտ, գիտակցությունը տեղն է եղել, հարեւանի տղաներից մեկին է տեսել, տաքսիից դուրս ա եկել, ասել է՝ օգնի, ընկել ա: Հիվանդանոցում քննիչներին ասել ա՝ ով ա սպանել իրեն»,- ասաց Խաչիկի բարեկամը:
Հիշեցնենք, որ 16-ամյա Խաչիկի սպանության մեջ մեղադրվում է նրա 18-ամյա ընկեր Սուրեն Մուրադյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2016թ. հունվարի 6-ին, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Խաչիկ Ղազանչյանին սպանելու դիտավորությամբ իր մոտ եղած սուր կտրող-ծակող առարկայով բազմաթիվ հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր կենսական կարեւոր նշանակություն ունեցող մասերին` պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածքներ, որոնցից նա դեպքից մոտ մեկ ամիս անց մահացել է:




























