Հայաստանում այսօր շաքարավազ ներկրող գոյություն չունի, միայն արտադրող գոյություն ունի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, «Կիլիկիա» գարեջրի գործարանի սեփականատեր Հակոբ Հակոբյանն՝ արձագանքելով այն քննադատություններին, որ շաքարավազի ոլորտը մենաշնորհել է Աժ պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը:

«Ես կարծում եմ` միշտ էլ մենաշնորհների դեմ պայքար եղել է։ Նախկինում ցորենի ոլորտի մասին ասում էին` մենաշնորհ է, բայց փաստորեն երեւում է, որ մենաշնորհ չի։ Եթե եղել է, ուրեմն ընդունենք, որ վերացել է, չէ՞: Այսինքն` մաս-մաս ամեն ինչը կվերանա։ Ասում եք` շաքարավազի ոլորտում մենաշնորհ կա, ես էլ ասում եմ` այսօր շաքարավազ ներկրող գոյություն չունի Հայաստանում, ընդամենը կա արտադրող, որը մեծ գումար է ծախսել ու բավականին մեծ աշխատատեղ ստեղծել, կարծում եմ՝ պետք է խրախուսեք, ոչ թե վատաբանեք նման մարդկանց»,-նեղսրտեց գործարար պատգամավորը:

Նա շեշտեց, որ մենաշնորհներ չպետք է լինեն, քանի որ դրանք խոչընդոտում են տնտեսությանը, իսկ մենաշնորհի դեմ պետք է պայքարել միայն օրինական դաշտ ստեղծելով:

«Մենաշնորհներ չպետք է լինեն, դա խանգարում է տնտեսության զարգացմանը։ Մենաշնորհի դեմ պայքարի համար հարկավոր է օրինական դաշտ, կիրառվի օրենքը եւ վերջ։ Եթե օրենքը բոլորի համար հավասար է, ես էլ կարող եմ ներկրել, մյուսն էլ, էստեղ պետությունը ոչինչ չունի անելու։ Այստեղ կարող է լինել մեծ ու փոքր ներկրող։ Կոռուպցիայի դեմ միայն Հովիկ Աբրահամյանի պայքարելով ոչնչի չենք հասնի, եթե ուզում ենք նվազի, քչանա, որովհետեւ կոռուպցիան վերացնելը անհնարին է, մենք բոլորս մեր տեղում պետք է ճիշտ աշխատենք։ Սեւին սեւ ասենք,սպիտակին` սպիտակ։ Հովիկ Աբրահամյանը ընդամենը 15-20 օր է հայտարարել դրա մասին, դեռեւս այն չչորացած` Դուք արդեն պնդում եք, որ չի կարող վերացնել»։

Մեր հարցին, թե մաքսային ոլորտում օրենքը բոլորի համար հավասա՞ր է, պատգամավորը վստահեցրեց, որ խնդիր չկա:

Հարցին, թե` կոռուպցիայի դեմ ի վիճակի՞ է պայքարել մի իշխանություն, որը ընկղմված է դրա մեջ, գործարարը հորդորեց փաստեր ներկայացնել, ապա հավելեց. «Հիմա, որ տեսնում եք` կա՞ն, թե՞ չէ փոփոխություններ։ Բավականին գրագետ, կիրթ փոխնախարարներ ունենք, երբ որ զրուցում ես հաճույք ես ստանում։ Նախարարներ էլ են փոխվել` արդարադատությունը, էկոնոմիկան, մեր պատգամավորներն են չէ՞, նշանակվել… Փոփոխություններ լինում են, այնպես չէ, որ չի լինում… Մի սպասեք, որ հարյուր տոոկոսով վերանալու է կոռուպցիան, պետք է նվազի, հասնի մինիմումի»: