Ովքեր դժգոհում են Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կնքված միավորված հակաօդային պաշտպանության համաձայնագրից, ծանոթ չեն դրան, չեն ընթերցել։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը։

«Հակառակ դեպքում գրագետ մարդը դժվար թե կարդար եւ նրա մոտ մտավախություն առաջանար, թե ՀՀ-ն իր հակաօդային պաշտպանությունը տալիս է այլ, թեկուզ դաշնակից երկրի»,- ասել է Շարմազանովը՝ հավելելով, թե համաձայնագիրը կնքվել է 2015թ. դեկտեմբերին, այն ։ Այն կոչվում է միավորված, այլ ոչ միասնական համակարգի համաձայնագիր։ «Եթե Բելառուսն ու Ղազախստանը կնքել են միասնական համակարգի համաձայնագիր, որտեղ մեկ ղեկավարություն կա, Հայաստանը կնքել է միավորված համակարգի համաձայնագիր։ Դա նշանակում է, որ կողմերը պաշտպանում են իրենց ինքնիշխանությունը։ Պատահական չէ, որ գնացել ենք այդ ճանապահով, որ մեր ՀՕՊ-ը ղեկավարվի բացառապես ՀՀ ԶՈՒ կողմից»։

Ըստ ԱԺ փոխխոսնակի, համաձայնագրի, 3-րդ հոդվածը նախատեսում է, քանի որ ՀՀ-ն եւ ՌԴ-ն չունեն սահման, առանձին ՀՕՊ համակարգ ստեղծել, որի ղեկավարումը կատարելու է հայ պաշտոնյան, որը բացառապես հաշվետու է լինելու ՀՀ նախագահին։ Համաձայնագրում Արցախին առնչվող որեւէ տառ, բառ, կետադրական նշան չկա, ՀՀ եւ ԼՂՀ ՀՕՊ համակարգերում որեւէ սահմանափակում չկա, ասել է Շարմազանովը՝ նշելով, թե այս համակարգը մեզ հնարավորություն է տալիս օգտվել դաշնակից Ռուսաստանի ՀՕՊ համակարգի լայն հնարավորություններին։