58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու) սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված 26-ամյա Խաչիկ Կոսյանը հայրը՝ Հակոբ Կոսյանը արդարադատության գնդապետ է։ Նա մինչեւ վերջերս աշխատել է ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայությունում եւ ամիսներ առաջ է դուրս եկել աշխատանքից:
NEWS.am-ի հետ զրույցում Խաչիկ Կոսյանի փաստաբան Վաչագան Քոսյանը նշեց, որ իր պաշտպանյալի հայրը՝ Հակոբ Կոսյանն իր կնոջ Նունե Կոսյանի հետ, ցավակցել են տուժող 58-ամյա Եղիշե Խաչատրյանի ընտանիքին եւ միացել են հայտնի լեզվաբանի բաց նամակին՝ ուղղված ՀՀ նախագահին:
«Հեղինակավոր անձնավորություն է Հակոբ Կոսյանը եւ շատ լավ մարդ: Ինքն իր կնոջ հետ տուժողներին ցավակցելուց բացի, միացել է նաեւ նախագահին ուղղված բաց նամակին: Հակոբ Կոսյանն ասում է, որ ինքը այդպիսի երեխա չի դաստիարակել, եթե փորձաքննությամբ պարզվի, որ իր տղան կարող է իր տարիքի անձի հետ նման ձեւ վերաբերվել եւ ծեծելով սպանել, ուրեմն թող իրեն էլ, իր որդուն էլ ամենախիստ պատիժը տան»,-ասաց նա:
Նշենք նաեւ, որ Խաչիկ Կոսյանը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, նա եղել է Կենտրոն եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողներից, կոչումով՝ արդարադատության լեյտենանտ: Այս դեպքից հետո գործով քննություն իրականացնող քննիչի միջնորդությամբ, ԴԱՀԿ ծառայության պետի պաշտոնակատարի որոշմամբ, Կոսյանի լիազորությունները կասեցվել են:
Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին:
Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Նախնական քննության տվյալներով՝ 2016թ. հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝ բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։
Քննությամբ պարզվել է նաեւ, որ խճուղով ընթացող մեկ այլ վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաեւ նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարեւանությամբ գործող ավտոտեխսպասարկման կետ եւ վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։
26-ամյա Խաչիկ Կոսյանը նաեւ մեկ այլ գործով է հայտնի: Մասնավորապես, 6 տարի առաջ, 2010 թվականի մայիսի 31-ի կեսգիշերին մոտ նա Երեւանի Մխիթար Հերացու փողոցում վրաերթի էր ենթարկել 18-20 տարեկան երկու աղջիկների, որից հետո հանդիպակաց ուղեմասով երթեւեկող, 38-ամյա Հայկազ Գ.-ն «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայով կրկին վրաերթի էր ենթարկել աղջիկներից մեկին։ Երկու աղջիկներն էլ մահացել էին։
Հունիսի 1-ին Խաչիկ Կոսյանը մեղայականով ներկայացել էր ոստիկանություն եւ հայտնել, որ նշված վրաերթը ՎԱԶ-2121 մակնիշի ավտոմեքենայով կատարել է ինքը։ Նա այդ գործով ազատազրկան է դատապարտվել 4 տարի ժամկետով, սակայն երեք տարի անց համաներմամբ ազատ է արձակվել:
Նախօրեին նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։
Գործն ուղարկվել է ՀՔԾ, քանի որ մեղադրյալը ԴԱՀԿ աշխատակից է:
Նույն գործով մյուս մեղադրյալներից 23-ամյա Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի կնոջ եղբայրն է, իսկ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը՝ նրա մտերիմ ընկերը: Վերջիններս գտնվում են հետախուզման մեջ:




























