Երեւանի «Մարգարյան» հիվանդանոցում կատարված վիրահատությունից 14 օր անց «Էրեբունի» ԲԿ-ում սեպտեմբերի 1-ին մահացած 39-ամյա Կարինե Աղաբեկյանի գործով լրացուցիչ հարցաքննվել են հիվանդանոցի աշխաակիցները: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Արթուր Խաչիկյանը:

«Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննության հանձնաժողովին բավարար չէին ներկայացված նյութերը, եւ նրանք դիմել էին գործով քննիչին, որ կրկին հարցաքննվեն բժշկական կենտրոնի աշխատակիցները: Լրացուցիչ հարցաքննությունն արդեն տեղի է ունեցել: Հանձնաժողովը շարունակում է իր աշխատանքը»,- ասաց Արթուր Խաչիկյանը:

Նշենք, որ հանձնաժողովի առաջին նիստին տուժող կողմը նույնպես մասնակցել էր:

Հիշեցնենք, որ ըստ դատաբժշկական փորձաքննության՝ Կարինե Աղաբեկյանի մահը վրա է հասել բազմաօրգանային անբավարարությունից, որն էլ պայմանավորված է եղել արգանդի միոմայի հեռացումով, զարգացած թոքերի այտուցով, որովայնի հատումով եւ այլ գործոններով: Հանձնաժողովային դատաբժշկական փորձաքննությամբ պարզ կդառնա` բժշկական սխալ կա, թե ոչ:

Ավելի վաղ 3 երեխայի մայր Կարինե Աղաբեկյանի հարազատները NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել էին, որ կնոջ մահվան մեջ մեղավոր են բժիշկները:

«40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ»,- ասել էին նրա հարազատները:

14 օր անց Կարինե Աղաբեկյանը մահացել էր «Էրեբունի» ԲԿ-ում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Նախաքննությունը շարունակվում է: