Գեղարքունիքի մարզի Գեղամասար գյուղում այս տարվա փետրվարին սպանված 73-ամյա կնոջ գործով նշանակված դատաբժշկական փորձաքննության եզրակացությւնը ստացվել է:
NEWS.am-ի թղթակցին գործով մեղադրյալներից, 17-ամյա Դավիթի փաստաբան Արթուր Խաչիկյանը հայտնեց, որ այդ փորձաքննությամբ պարզվել է մահվան պատճառը:
«73-ամյա կինը մահացել է մեխանիկական շնչահեղձության հետեւանքով: Ստացվում է, որ իմ պաշտպանյալի` խողովակով հարվածելու հետեւանքով չի առաջացել կոջ մահը: Առաջիկայում կմիջնորդենք, որ համապատասխան որակում տրվի»,- ասաց Արթուր Խաչիկյանը:
Այս գործով նշանակվել են նոր փորձաքննություններ:
Նշենք, որ ըստ ՔԿ հաղորդագրության՝ 73-ամյա Շուշանիկ Գյուլումյանի դիակի զննությամբ, տուժողի գլխի եւ պարանոցի շրջանում հայտնաբերվել էին վնասվածքներ. մահվան մասին թիվ 17 բժշկական վկայականի համաձայն՝ Շ. Գյուլումյանի մահվան անմիջական պատճառ է հանդիսացել մեխանիկական շնչահեղձությունը: Պարզվել էր, որ դեպքի օրը կնոջն են այցելել համագյուղացի երկու երիտասարդ՝ նրա իսկ խնդրանքով վերանորոգելու հեռուստացույցի ալեհավաքի մալուխը։
Երիտասարդները կնոջ հետ բարձրացել են տան տանիքը, սակայն չեն կարողացել վերանորոգել այն, ինչն առաջացրել է տանտիրուհու զայրույթը՝ պատճառ դառնալով վիճաբանության։
Նախնական քննության տվյալներով՝ երիտասարդներից մեկը մետաղյա խողովակով հարվածել է նրա գլխին եւ մեջքին, ապա մյուս երիտասարդը, սեղմելով պարանոցը, շնչահեղձ է արել նրան։
Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 8-րդ կետերով եւ 175-րդ հոդվածի 2-րդ մասով: Նրանք կալանավորված են:
Նախաքննությունը շարունակվում է:




























