Տարիներ շարունակ պետությունը գումար է հատկացրել շուրջ հինգ հարյուր հազար գրքերի համար, որոնք պարզվում է` չեն էլ եղել: Այս մասին այսօր` հունիսի տասին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Թեւան Պողոսյանը:

«Կառավարության ներկայացրած բյուջեի կատարողականում է գրված, որ այդ հինգ հարյուր հազար գիրքը չկա: Թե ուր են այդ գրքերը, պարզ չէ, բայց դրան պահպանման համար տարիներ շարունակ գումար ենք հատկացրել»,- ասաց Թեւան Պողոսյանը` նշելով, որ այլ թերացումներ նույնպես կան:

Ըստ Թեւան Պողոսյանի` երբ խոսում են բյուջետային կրճատումների մասին, պետք է անպայման պատասխանատվության ենթարկել այն անձանց, որոնք ուռճացրել են: Միեւնույն ժամանակ,  պատգամավորը հիշեցրեց, որ կրճատվում են մեքենաներ, աշխատատեղեր, որոնք երբեք չեն էլ եղել:

Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն էլ համոզված է, որ մենաշնորհների դեմ պայքարում պետք է հասկանալ, թե մինչեւ այդ ով թույլ չէր տալիս մտնել շուկա:

«Ժողովրդի հետ պետք է խոսել պարզ լեզվով, պիտի իշխանություններն ասեն, թե սա արվում էր բանակի համար, բայց դա էլ չեն ասում»,- նշեց պատգամավորը:

Նշենք, որ ընդդիմության ներկայացուցիչները դժգոհ են 2015թ. բյուջեի կատարողականից: