Արծվիկ Մինասյանը բաց եւ մրցունակ տնտեսության համար օր ու գիշեր պայքարում է: Այս մասին հունիսի 10-ին՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, ասել է  ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով էկոնոմիկայի նախարարից ունեցած ակնկալիքների մասին հարցին:

Վարդանյանն ափսոսանք է հայտնել, որ լրագրողները, որոնք նախկինում ակնհայտ համակրում էին Մինասյանին, յուրովի են մեկնաբանել նրա մի բառը եւ քննադատության ենթարկել նախարարին՝ ներկայացնեկով որպես մոնոպոլիստների փաստաբանի:  «Դուք Մինասյանին ավելի քան 10 տարի ճանաչում եք: Եվ ես չգիտեմ ուրիշ նման մարդու, որը հետեւողականորեն, տարիներով աշխատեր մեր երկրի տնտեսության արգելքների հաղթահարման համար»,- ասել է նախարարի կուսակիցը:

Աղվան Վարդանյանը խոստովանեց, որ, միգուցե, մենաշնորհների մասին նախարարի բառերը կողքից կարող են երկիմաստ թվալ, բայց Մինասյանն առաջարկել է օրինականացնել ոչ թե մենաշնորհները, այլ դոմինանտ սուբյեկտների վերահսկման միջոցները: Այսինքն՝ մեջբերել է բարեփոխված Սահմանադրությունը: «Կոնտեքստից կարելի է դա հեշտությամբ հասկանալ: Ես ինքս չեմ հավատում, որ մենաշնորհները հնարավոր կլինի հեշտությամբ վերացնել: Բայց ջանքեր տեսնում եմ»,- ասել է պատգամավորը: