Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մեծածավալ մոնիթորինգային ծրագիր չի իրականցնում, ինչի հետեւանքով օրեցօր աճում են խանութներում անիրական զեղչերի մասին մոլորեցնող գովազդները: Այս մասին այսօր` հունիսի 10-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Իրազեկ եւ պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը:

«Համակարգային ուսումնասիրություն է պետք, հակառակ դեպքում այս խնդիրը օրեցօր ավելի է խորանալու: Համապատասխան մարմինը ստուգում է միայն այն ժամանակ, երբ կոնկրետ բողոք է լինում քաղաքացու կողմից»,- ասաց Բաբկեն Պիպոյանը` նշելով, որ երբ ֆեյսբուքում քննարկվում են անբարեխիղճ մրցակցության դեպքերը, դրա մասին հասարակության մեծ մասը չի տեղեկանում, տնտեսվարող սուբյեկտը չի պատժվում եւ խնդիրը չի լուծվում:

Բաբկեն Պիպոյանը նշեց, որ մոնիթորինգ կարող է իրականացնել միայն դրա համար ստեղծված պետական հանձնաժողովը, քանի որ միայն այդ մարմինն ունի իրավասություն ուսումնասիրելու ապանքների գների վերաբերյալ փաստաթղթերը եւ հայտնաբերել խախտումները:

«Երբ մենք մտնում ենք խանութ, տեսնում ենք 110 հազար է գինը ու գրված է` 55 հազար դրամ է դարձել, մենք չեն կարող ոչինչ անել: Բայց հաստատ է, որ տնտեսվարող սուբյեկտը 80 հազարը դարձրել է 110 հազար, ապա զեղչել այն»,- ասաց նա:

Բաբկեն Պիապոյանը նշեց, որ մոնիթորինգ անցկացնելու գործում պետք է ներգրավված լինեն քաղաքացիներ, որոնք կվստահեն հանձնաժողովին ու կհայտնեն նրան իրենց տեսած յուրաքանչյուր խախտում:

Բաբեն Պիպոյանը նշեց նաեւ, որ կառավարության կողմից կա ստուգումների սահմանափակում, վերահսկող կառույցներին արգելված է կատարել ստուգում: