58-ամյա Եղիշե Խաչատրյանի (հայտնի լեզվաբան Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնու)   սպանության գործով որպես մեղադրյալ ներգրավված 26-ամյա Խաչիկ Կոսյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Վաչագան Քոսյանը: Նա նշեց, որ ծեծկռտուքի պահին Խաչիկ Կոսյանը դեպքի վայրում չի եղել, ոչ էլ ականատես է եղել դեպքին: Փաստաբանի խոսքով, Խաչիկն այդ օրը կոլեկտիվով քեֆի է եղել՝ գործով հետախուզվող իր աներձագի մեքենայով, որով վթարի է ենթարկվել եւ դեպքի պահին ինքը գտնվել է ավտոտեխսպասարկման կայանի ներսում. «Ավտոմեքենան ավտոքարշակով տեղափոխել են ավտոտեխսպասարկման կայան, դեպքի պահին ինքն այնտեղ է եղել, իսկ Արտաշես Չիչոյանն (Խաչիկ Կոսյանի աներորդին-խմբ) էլ իր ընկերոջ հետ եկել է , որ տեսնի իր մեքենան: Թե դեպքը ոնց է տեղի ունեցել, իմ պաշտպանյալը չգիտի, ինքը ականատես չի եղել:  Դեպքը կատարվել է խճուղու վրա, մոտ 30-40 մետր հեռավորության վրա, ինքն այդքան տարածություն պետք է անցներ: Երբ հասել է, արդեն ավարտված է եղել դեպքը: Տուժողը ընկած է եղել, վնասվածքներ ստացած, բնականաբար չի մոտեցել, այնտեղ եղած մարդկանց հետ դեպքի վայրից հեռացել է: Իմ գնահատմամբ, նա այս պարագայում պատանդ է, նրա կալանավորումը որպես պատանդ վերցնել եմ գնահատում, որպեսզի հարազատը հայտնվի»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե ինչպե՞ս է հնարավոր, որ ընկերն ու բարեկամը ծեծկռտուքի մասնակցեն, իսկ ինքը չմոտենա, փաստաբանը պատասխանեց, որ միայն դեպքից հետո է իմացել, քանի որ հեռու է եղել:

Վաչագան Քոսյանը նշեց, որ այս պահին նշանակվել է դատաքիմիական, դատամանրաթելային,  դատամիկրոմասնիկային փորձաքննություն, որպեսզի ապացուցվի՝ արդյոք տուժողի եւ մեղադրյալի միջեւ շփում եղել է, թե ոչ:

ՀՀ Քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից փաստաբանի՝ իր պաշտպանյալ Խաչիկ Կոսյանին պատանդի կարգավիճակում պահելու հայտարարության վերաբերյալ NEWS.am-ին ասացին, որ փաստաբան Վաչագան Քոսյանի հայտարարությունը կոռեկտության սահմաններից դուրս է: Խաչիկ Կոսյանին մեղադրանք առաջադրելու համար այս փուլում առկա են բոլոր բավարար ապացույցները եւ քանի որ Խաչիկ Կոսյանը ԴԱՀԿ աշխատակից է, իսկ նրանց վերաբերյալ քրեական  գործերի քննությունը ենթակա է Հատուկ քննչական ծառայությանը՝ գործը ուղարկվել է դատախազություն, որն էլ  կորոշի քննչական ենթակայության հարցը:

«Իհարկե, փաստաբանն է ընտրում իր պաշտոնական մարտավարությունը, բայց կարծում ենք, որ մամուլում հայտարարություններ անելու փոխարեն, փաստաբանը կարող է  դատավարական իր իրավունքներից օգտվել եւ բողոքարկել վարույթ իրականացնող մարմնի գործողությունները: Եթե կարծում է, որ դրա համար հիմքեր կան, թող քննիչին ներկայացնի կատարված սպանության ՝իր պաշտպանյալի  առնչությունը բացառող  հիմքերը, եթե այդպիսիք կան:  Այս  փուլում առկա են բավարար ապացույցներ Խաչիկ Կոսյանին մեղադրանք առաջադրելու համար»,-ասացին ՔԿ-ից:

Նշենք, որ Խաչիկ Կոսյանը ԴԱՀԿ ծառայության աշխատակից է, նա եղել է Կենտրոն եւ Նոր Նորք բաժնի հարկադիր կատարողներից, կոչումով՝ արդարադատության լեյտենանտ: Այս պահին Կոսյանի լիազորությունները կասեցվել են: Ի դեպ, նրա հայրը՝ Հակոբ Կոսյանը եւս ԴԱՀԿ աշխատակից է եղել, նա արդարադատության գնդապետ է:

58-ամյա Եղիշե Խաչատրյանի սպանության գործով կալանավորված Խաչիկ Կոսյանի գործը փոխանցվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ հունիսի 4-ին Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց  սպանել են հայտնի լեզվաբան, ԵՊՀ դասախոս, հայոց լեզվի թեստերի հեղինակ Փառանձեմ Մեյթիխանյանի ամուսնուն՝ 58-ամյա Եղիշե Խաչատրյանին:

Այս գործով որպես մեղադրյալ ներգրավվել է 3 անձ: Նախնական քննության տվյալներով՝ հունիսի 4-ին՝ ժամը 23.00-ի սահմաններում, Երեւան քաղաքի Նուբարաշենի խճուղի 5/1 հասցեի դիմաց մի խումբ անձինք վիճաբանել են 58-ամյա Եղիշե Խաչատրյանի հետ՝ երթեւեկության կանոնները խախտելու համար դիտողության անելու կապակցությամբ, ապա 75-ամյա մոր ներկայությամբ հայհոյել ու բռնություն գործադրել Եղիշե Խաչատրյանի նկատմամբ՝  բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա  կենսական կարեւոր օրգանի՝ գլխի, ինչպես նաեւ՝ կրծքավանդակի եւ որովայնի շրջաններում։ Ստացած մարմնական վնասվածքներից Ե. Խաչատրյանը տեղում մահացել է։

Քննությամբ պարզվել է նաեւ, որ խճուղով ընթացող մեկ այլ  վարորդ նկատել է մի խումբ երիտասարդների կողմից տղամարդու նկատմամբ կիրառվող բռնությունը, հորդորել դադարեցնել այն։ Երիտասարդները, խուլիգանական մղումներից ելնելով, հետապնդել են նաեւ նրան, ով օգնություն հայցելու համար շտապել է հարեւանությամբ գործող  ավտոտեխսպասարկման կետ եւ վերջինիս աշխատակիցների միջամտության շնորհիվ կանխվել է ծեծը։

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Խ.Կոսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ եւ 10-րդ կետերով (սպանություն՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով): Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու վերաբերյալ։

Նույն գործով մյուս մեղադրյալներից 23-ամյա Արտաշես Չիչոյանը Խաչիկ Կոսյանի կնոջ եղբայրն է, իսկ 26-ամյա Արարատ Նիկողոսյանը՝ նրա մտերիմ ընկերը: Վերջիններս գտնվում են հետախուզման մեջ:

Ի դեպ, 26-ամյա Խաչիկ Կոսյանը նաեւ մեկ այլ գործով է հայտնի: Մասնավորապես, 6 տարի առաջ, 2010 թվականի մայիսի 31-ի կեսգիշերին մոտ նա Երեւանի Մխիթար Հերացու փողոցում վրաերթի էր ենթարկել 18-20 տարեկան երկու աղջիկների եւ դիմել փախուստի: Աղջիկները մահացել են: